ԱՆ-ն հորդորում է տոները նշել ընտանեկան միջավայրում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ռիսկով

Ամանորին ընդառաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունից, գրիպից և սուր շնչառական այլ վարակներից, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը հորդորում է սահմանափակել շփումները, խուսափել մարդաշատ վայրեր և զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ և ներկայացումներ հաճախելուց: Նախարարությունը նաև կոչ է անում տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել, հետևել հակահամաճարակային կանոններին:

Առողջապահական գերատեսչությունը հաղորդում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ։

Նշվում է նաև, որ մի շարք երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Ամանորին ընդառաջ գնացել են նոր սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։