Պաշտպանը խիստ դատապարտելի ու անթույլատրելի է համարում զինված հեղաշրջման կոչերը

Ընդդիմադիրների հանրահավաքն Ազատության հրապարակում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի է համարում զինված հեղաշրջման կոչերը։

«Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է», - հայտարարել է Պաշտպանը:

Թաթոյանն ընդգծել է՝ այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը, ուստի պետք է գործել ըստ այդմ:

Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը, ինչպես Պաշտպանն է նշել, պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:

Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, եզրափակել է Արման Թաթոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր առավոտյան շրջափակել էին կառավարության շենքը։ Նրանք երեկ հայտարարել էին, որ կառավարության այսօրվա նիստը չպետք է կայանա։ Թեև նրանց այսօր չհաջողվեց խափանել նիստը, այդուհանդերձ հայտարարեցին, որ վարչապետին հրաժարական պարտադրելու հարցում իրենք վճռական են։