Հայաստանի սահմաններին դեմարկացիայի գործընթաց չի ընթանում, հայտարարում է վարչապետը

Ադրբեջանի հետ Հայաստանի նոր սահմաններին տեղի է ունենում, ոչ թե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, այլ ուղղակի սահմանային որոշակի կետերի տեղորոշում՝ այսօր կառավարության նիստի ժամանկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի անվտանգությունն են ապահովում։

«Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից, սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և սահմանների դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են։ Այս փուլում ուղղակի տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է։ Սա արվում է անվտանգությունն ապահովելու համար»։

Փաշինյանն ընդգծեց՝ տեղորոշման աշխատանքներն որոշակի նրբություններ և բարդություններ ունեն, բայց, նրա համոզմամբ, այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։

«Մեր դիրքորոշում այն է, որ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, Հայաստանի անվտանգության նոր համակարգ ենք ձևավորում։ Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր՝ Որոտան բնակավայրի և Շուռնուխ բակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունեում, որոնք կարող են ցավոտ իրավիճակների բերել, բայց ես հավաստիացնում եմ, որ եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք և համարժեք փոխհատուցումներով հանդես կգա», - ասաց Փաշինյանը։

Հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման աշխատանքները մեկնարկեցին դեկտեմբերի 18-ին, այդ ճշտումներն իրականացվում են խորհրդային քարտեզով։ Սյունիքի բազմաթիվ բնակավայրեր սահմանամերձ են դառնում, բնակելի որոշ տարածքներում հայերին և ադրբեջանցիներին մի քանի հարյուր մետր կբաժանի, Շուռնուխ գյուղի մի մասն ընդհանրապես ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանում է գտնվում, որոշ ճանապարհներն էլ մասնակի կանցնեն Ադրբեջանի տարածքով։ Աահմանների գծման այս աշխատանքները բողոքի ցույցերի առիթ են դարձել, ընդհուպ վարչապետի հրաժարականն են պահանջում։