Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին:
Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ դատավոր Պապոյանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը:
Ըստ փաստաբանի, այժմ Գորիսի քաղաքապետին կրկին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ․ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ին աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքում, քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ արեց հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն:
Նշենք նաև, որ, ըստ ՔԿ-ի, ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: