Ամբողջ աշխարհը սկսել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները։ Դեղամիջոցի հաստատվելուց անմիջապես հետո ամերիկյան ու եվրոպական երկրները տասնյակ միլիոնավոր չափաբաժիններով պատվաստանյութ են պատվիրում կորոնավիրուսի աղետից ազատվելու համար։
Կանադան երեկ հաստատեց ամերիկյան «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, որից անմիջապես հետո վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ Կանադան պատվաստանյութի 40 միլիոն չափաբաժին է պատվիրել։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ Կանադան կստանա 168 հազարը։
Ավելի վաղ Կանադանհաստատել էր Pfizer ընկերության պատվաստանյութը։ Նախատեսվում է գալիք տարվա հունվարի վերջին երկու ընկերություններից ստանալ 1 միլիոն 200 հազար պատվաստանյութ։
Վարչապետը քաղաքացիներին հորդորել է գալիք տոներին մնալ տանը, եթե նախկինում յուրաքանչյուր ձմեռ ճամփորդելու ավանդույթ ունեին, ապա հիմա նա խնդրել է վերանայել պլաններն՝ ասելով, թե իրավիճակը շատ լուրջ է։
«Մեզանից է կախված միմյանց պաշտպանելը, մեզանից է կախված համախմբումը, դիմանալը, և գիտենք՝ որքան էլ մութ լինի ձմեռը, գարունը գալու է․ լավ օրերը կվերադառնան»,- երկրի քաղաքացիներին հուսադրել է Կանադայի վարչապետը։
Միացյալ Նահանգներում դաշնային կառավարությունը 2 միլիարդ դոլարի գործարք է կնքել Pfizer ընկերության հետ, COVID-19-ի դեմ լրացուցիչ 100 միլիոն պատվաստանյութ ձեռք բերելու համար։ 6-ամսյա այս ծրագրով նախատեսվում է, որ Pfizer -ը պատվաստանյութի 70 միլիոն չափաբաժինը կմատակարարի մինչև գալիք հունվարի վերջը, մնացածը՝ հուլիսի վերջին։
Ընդհանուր առմամբ, Pfizer -ը 4 միլիարդ դոլարի պատվեր է ստացել 200 միլիոն պատվաստանյութի համար։ Pfizer-ի հետ վերջին գործարքից առաջ կառավարությունը քննադատվում էր, որ բավարար ջանքեր չի գործադրել «Մոդերնայի» այդքան անհրաժեշտ դեղամիջոցի օգտագործման թույլտվությունն ապահովելու համար։
Առողջապահության նախարար Ալեքս Ազարն ասել է, թե նոր գնումները կարող են ամերիկացիներին վստահություն ներշնչել, որ, յուրաքանչյուր ցանկացողի համար անհրաժեշտ քանակի պատվաստանյութ կլինի մինչև 2021-ի հունիսը։
Այսօրվա դրությամբ ավելի քան 600 հազար ամերիկացիներ, մեծ մասամբ հիվանդանոցների աշխատակիցներ, ծերանոցներում ապրողներ, պետական ծառայողներ ընդունել են պատվաստանյութի առաջին չափաբաժինն, այդ թվում՝ նաև նորընտիր նախագահ Ջո Բայդենը։
Երեկ Pfizer-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստացել է Մեքսիկան։ Այդ կապակցությամբ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե «սա համավարակի վերջի սկիզբն է»։
Նորություն կա նաև ռուսական արտադրության «Սպուտնիկ» պատավստանյութից։ Բելառուսից հետո Արգենտինան երկրորդ երկիրն է, որ հաստատեց ռուսական դեղամիջոցը։