«Վրաստանը շարունակելու է բարիդրացիական հարաբերություններ պահպանել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ», - դիմելով վրաց խորհրդարանականներին՝ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան։
Իշխող «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վրացական կառավարության ղեկավարը կոչ է արել զգուշավոր մոտեցում ցուցաբերել Հարավային Կովկասում վերջին ամիսներին ծավալված իրադարձություններին՝ զերծ մնալով հապշտապ գնահատականներից։
«Տարածաշրջանում ստեղծված կացությունը պետք է շատ զգուշորեն քննարկել և գնահատել, քանի որ տեղի ունեցած գործընթացների վերջնական արդյունքները առայժմ որևէ մեկի համար հստակ չեն», - հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատարը։
Գախարիայի խոսքով՝ «չնայած [ղարաբաղյան] հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել»։