«Որքան էլ տհաճ լինի այս միտքն ադրբեջանցի հայրենասերների համար, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը շարունակում է իր գոյությունը և կառուցում է նոր ստատուս-քվո», - պնդում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը։
Փորձագետը փաստում է, որ մինչև վերջին պատերազմը ստատուս-քվո հասկացությունն ամենից շատ կիրառվողներից մեկն էր ղարաբաղյան հակամարտությունում․ այն կարելի էր գտնել խնդրին վերաբերող համարյա բոլոր տեքստերում։
«Դա ենթադրում էր, որ հայերն իրենց վերահսկողության տակ են պահում խորհրդային ժամանակների Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, ուր հիմնականում հայեր էին բնակվում, ինչպես նաև յոթ շրջանները, որտեղ հայեր գրեթե չեն եղել։ Բնական է, որ ադրբեջանական կողմին զայրացնում էր այս «ստատուս-քվոյի» մասին ցանկացած հիշատակում, նրանք այս իրավիճակը նսեմացուցիչ էին համարում, և պատահական չէր, որ պատերազմի մեկնարկից շաբաթներ անց արդեն Ալիևն ուրախությունը չզսպելով հայտարարում էր՝ «ես փոխեցի ստատուս-քվոն, այն արդեն գոյություն չունի», - հիշեցնում է հոդվածագիրը։
«Նոր ստատուս-քվոյի շուրջ քննարկումները ևս Ադրբեջանում անընդունելի կհամարեն»
Նոր ստատուս-քվոյի շուրջ քննարկումները ևս Ադրբեջանում, ըստ վերլուծաբանի, ամենայն հավանականությամբ, անընդունելի կհամարեն։ «Բաքվում պնդում են, թե ամեն ինչ արդեն իսկ որոշված է՝ նախ պետք է ռուս խաղաղապահների հսկողության տակ հայկական ուժերը հեռանան Ղարաբաղից, հետո այնտեղ կսկսեն աշխատել ադրբեջանական իշխանության մարմինները։ Բաքվի շրջանառած մյուս թեզն է՛լ ավելի հեռուն է գնում․ Բաքուն ուղղակի պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունն այլևս գոյություն չունի․ եթե դիտարկենք միջազգային իրավունքի տեսանկյունից, այո՛, ԼՂՀ-ն գոյություն չունի, այն չի ճանաչվել անգամ Հայաստանի կողմից։ Իհարկե, դա հնարավորություն է տալիս Բաքվին նվաստացնող մակդիրներ կիրառել ու դիմացինին որակել որպես խամաճիկային, ապօրինի, անջատողական, սակայն, դրանցից որևէ մեկը չի հերքում, որ Ստեփանակերտում այսօր Ադրբեջանի իշխանության օրգանները չեն աշխատում», - փաստում է հոդվածագիրը։
Ասել, որ Ղարաբաղ գոյություն չունի՝ անհնար է
Իրավական առումով որևէ բան չի հստակեցվել ԼՂՀ-ի կամ Ղարաբաղի կարգավիճակի մասին, որևէ հիշատակում չկա անգամ հրադադարի եռակողմ հայտարարության մեջ։
«Փաստացի, ԼՂՀ-ն թույլ, բայց ինչ-որ կերպ՝ գյուղատնտեսության ու զբոսաշրջության հաշվին իր գոյությունը պահող, վիճելի կարգավիճակ ունեցող քաղաքական միավորից վերածվեց ավելի փոքր, բայց՝ անհեռանկարային տարածքի, որը կարող է գոյություն ունենալ բացառապես դոտացիաների հաշվին», - կարծիք է հայտնում վերլուծաբանը, հիմնավորելով՝ Ղարաբաղի հարավային և հարավ-արևելյան տարածքները, որոնք ադրբեջանական բանակը պատերազմի սկզբում էր գրավել, չճանաչված հանրապետության գլխավոր ցանքատարածություններն էին։
Հադրութում, խաղողի այգիներից բացի, կար «Կատարո» գինու գործարանը։ Աղդամի և Քելբաջարի շրջանները կորցնելով՝ հայերը զրկվեցին մրգատու հսկայական այգիներից և Սոտքի ոսկու հանքից, որը պատկանում է ռուսական GeoProMining ընկերությանը։ Փոխարենը հայերի վերահսկողության տակ մնացին Ստեփանակերտ, Խոջալու (Իվանյան), Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքները:
«Մի կողմից, սրանք այն բնակավայրներն են, որտեղ ապրում էր ԼՂՀ-ի բնակչության մեծ մասը՝ նաև պատերազմից առաջ։ Մյուս կողմից, այդ քաղաքները գտնվում են լեռներում, և այժմ պետք է Հայաստանից ստանան գրեթե ամեն ինչ, քանի որ գյուղատնտեսական հողերի 70 տոկոսը կորսված է», - գրում է մոսկովյան կենտրոնի փորձագետն՝ անհավանական համարելով, որ Ղարաբաղի տնտեսությունը կարող է վերապրոֆիլավորվել ու ագրարայինից դառնալ արդյունաբերական։ «Այդուամենայնիվ, ասել, որ Ղարաբաղ գոյություն չունի՝ անհնար է։ Հայերը վերադառնում են իրենց բնակավայրեր, և հաստատ՝ ոչ Ադրբեջանի քաղաքացի դառնալու համար», - ընդգծում է նա։
«Հայերը ոչ մի տեղ էլ չեն գնա, մինչև իրենց չստիպեն»
Փորձագետը փաստում է, որ առայժմ օդում է մնում նաև Բաքվի պնդումն, ըստ որի՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղի տարածքից։ «Ադրբեջանում մեջբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի առաջին դրույթը, որտեղ ասվում է, թե ռուս խաղաղապահները տեղակայվում են հայկան ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Հայկական կողմից հակադարձում են՝ դա միայն Ղարաբաղի շրջակա տարածքներին է վերաբերում»։
«Փաստացի, հայերն ուղղակի շոշափում են հնարավորի սահմանները, և ոչ մի տեղ էլ չեն գնա, մինչև իրենց չստիպեն», - պնդում է Կիրիլ Կրիվոշեևը, շարունակելով՝ եթե նույնիսկ ընդունենք, որ այս տարածաշրջանում որպես զինված միավորում մնալու են միայն ռուս խաղաղապահները, անպատասխան է ևս մեկ կարևոր հարց՝ իսկ ինչպե՞ս է ձևավորվելու Ղարաբաղի վարչակազմը։
«1988-ին, երբ Ղարաբաղում անկարգություններն արդեն սկսվել էին, սակայն, բանը դեռ պատերազմի չէր հասել, Մոսկվան այս տարածքը վերցրեց իր հովանու տակ՝ այնտեղ գործուղելով Արկադի Վոլսկուն, հետո՝ Վիկտոր Պոլյանիչկոյին, ովքեր փաստացի դարձել էին գեներալ-նահանգապետեր՝ իրենց ձեռքում ունենալով իշխանության բոլոր լծակները։ Հիմա ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար գեներալ Մուրադովը վարչական գործառույթներ չունի, ուրեմն, դրանք շարունակում են կատարել Ղարաբաղի իշխանությունները։ Ընդ որում, ստացվում է, որ Ղարաբաղում, ինչպես նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարել, կլինեն արտահերթ ընտրություններ, և ռուս խաղաղապահները պետք է ապահովեն քվեարկության անվտանգությունը, որն Ադրբեջանն ապօրինի է համարում»։
Բաքվում, ըստ վերլուծաբանի, հակված չեն հրապարակավ խոսել իրենց համար անհարմար այս փաստերի մասին, և փորձում են շեշտը դնել համաձայնագրի մեկ այլ դրույթի վրա, որտեղ խոսվում է «ներքին տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի մասին՝ ՄԱԿ-ի հանձնակատարի հովանու ներքո»։ Սակայն, այստեղ էլ հարցերի պակաս չկա․ «Ե՞րբ են վերադառնալու՝ մեկ, տարածաշրջանի լիակատար կայունացումի՞ց, թե՞ իրենց տեղահանությունից հետո այդ բնակավայրերում հաստատված նոր բնակիչներին վտարելուց հետո։ Այդ բազմազգ Ստեփանակերտ-Խանքենդիում բոլորը միևնույն երկրի քաղաքացիությունն են ունենալու, և իշխանության ո՞ր մարմնին են ենթարկվելու», - թվարկում է վերլուծական կենտրոնի փորձագետը՝ եզրափակելով․ - «Այսօրինակ հարցերն այնքան շատ են, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում շատերն են լրջորեն համոզված, որ եռակողմ հայտարարության յուրաքանչյուր կետ նաև գաղտնի ենթակետեր ունի։ Սակայն, նման բան չկա՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը թողել են շատ բան անորոշ, որպեսզի հետո հնարավորություն ունենան գործել՝ ելնելով այդ պահին առկա հանգամանքներից»։