Պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 248 զինծառայողի մարմին

Պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 248 զինծառայողի մարմին, միայն վերջին տասն օրում՝ 252 մարմին։ Նրանցից 59-ը հարազատներից վերցրած ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացվել է՝ պարզվել է զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ այս պահին 718 նմուշ դեռ հետազոտման փուլում է, հարյուրավոր ծնողներ դժվար սպասման մեջ են՝ զոհվածների մեջ իրենց երեխան է, թե դեռ հետևեն որոնողական աշխատանքների ընթացքին։

«Հիմա մենք մի ընթացք տվյալները կհանենք ու նորից կներբեռնենք ու ամբողջ գիշեր՝ մինչև լուսադեմ կաշխատի», - ասաց ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ Դիանա Հարությունյանը:

Հանրապետական դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 4 փորձագետ ու երկու լաբորանտ 24-ժամյա ռեժիմով են աշխատում։ Այստեղ են բերվում նմուշները, որոնք մշակվում են լաբորատորիայում, պիտանի ԴՆԹ ստանալուց հետո՝ նույնականացվում: Գենետիկ փորձագետ Դիանա Հարությունյանն ասում է՝ աշխատանքն ունի հստակ ստանդարտ, որին չհետևելու դեպքում կստանան կեղծ պատասխան: Այժմ ոսկրային հյուսվածքների հետ են աշխատում՝ 5-7 օր է տևում մեկ նմուշի հետ աշխատանքը՝ լաբորատորիա մտնելուց մինչև նույնականացում:

«Սկզբնական էտապներում աշխատում ենք հիմնականում արյան նմուշների և եղնգային կտրվածքների հետ: Ներկայումս արդեն հիմնականում աշխատում ենք ոսկրային հյուսվածքի հետ: Ցավալի է, բայց փաստ»​, - նշեց Հարությունյանը:

Դիանա Հարությունյանը շեշտում է՝ սկզբնական փուլում, երբ դեռ հնարավոր էր արյան միջոցով պարզել զոհվածի ինքնությունը, ԴՆԹ փորձաքննությունը կարող էր մեկ-երկու օր տևել, այժմ գործընթացը երկար է տևում, ոչ միայն, որ որոնողական աշխատանքների արդյունքում նմուշները միայն ոսկրային են, դրանք երբեմն արտաքին տարբեր ազդեցություններ են կրում, օրինակ, անօդաչուների բարձր ջերմության ներգործությունը, այս ամենի հետևանքով պիտանի ԴՆԹ չի ստացվում, ստիպված կրկնում են. «Մենք տալիս ենք նույնականացման հավաստիություն միայն, երբ որ տեսնում ենք՝ 99,9 տոկոսից բարձր հավանականություն, միայն այդ պարագայում մենք հավաստի տալիս ենք, որ տվյալ երեխան հանդիսանում է այսինչ ծնողի կենսաբանական երեխան»:

Փորձագետ Հարությունյանը շեշտում է մինչև այժմ մի քանի նմուշների դեպքում նույնիսկ պիտանի ԴՆԹ ստանալ չեն կարողացել, շարունակում են փորձել: Լաբորատորիայում գենետիկայի ոլորտի նորագույն սարքավորումն է աշխատում՝ Applied Biosystems, մինչև այս պատերազմական աղետը այն ամբողջությամբ բավարարում էր, այժմ, սակայն, ծնողների սպասումը երկարաձգվում է նաև սարքի միակը լինելու պատճառով:

«Ինքը կա՛մ աշխատում է, կա՛մ մենք նրանից տվյալներ ենք հանում, այսինքն, երբ որ կլիներ երկրորդ սարքը, մենք կարող էինք զուգահեռ աշխատել: Երբ որ ներմուծում ես նմուշները, հետո մոտակա մի քանի ժամը, կոպիտ ասած, մենք պարապուրդի ենք մատնված, իհարկե, այդ ընթացքում զբաղվում ենք այլ նմուշներով, բայց եթե լիներ երկրորդը, միաժամանակ երկրորդն էլ կարելի էր աշխատեցնել», - ասաց գենետիկ փորձագետը:​

Մեկ նմուշի նախնական մշակումը նվազագույնը հինգ օր է տևում, հետո էլ սարքը պիտի աշխատի, ապա մասնագետները վերծանեն տվյալները: «Կոնկրետ սարքին անհրաժեշտ է 44 րոպե յուրաքանչյուր 8 նմուշի համար, սակայն հետագայում դրան ավելանում է նաև այդ 44 րոպեում ստացված տվյալների վերծանումը, որը մասնագետը պետք է դուրս բերի, դա էլ ինքնին բավական աշխատատար պրոցես է՝ տվյալների վերծանումը և հանելը», - նշեց Հարությունյանը:​

Երկրորդ սարքի ձեռքբերման պայմանագիրը կա, ամենաուշը հունվարի առաջին օրերին կստանան, տեղեկացրին դատաբժշկական կենտրոնից։

Պատերազմի առաջին օրից մինչև այժմ զոհվածների մարմինների նույնականացման, ճանաչման համար հարազատներից 1874 ԴՆԹ նմուշ է վերցվել, նույնականացվել են 361 մարմին։ Մինչ օրս փորձաքննության է ենթարկվել 3 հազար 248 մարմին, իսկ պաշտոնապես հրապարակված զոհերի ցուցակում 1853 անուն ազգանուններ են: