2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկարագրելով երկրում հաստատված քաղաքական իրավիճակը։
Ընդ որում, ըստ վարչապետի, խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:
«Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող», - գրել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է՝ ամեն ինչ անելու է, որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: «Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի», - եզրափակել է վարչապետը:
Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 16 քաղաքական ուժերն անհնազանդության գործողություններ են ծրագրում։ Դեկտեմբերի 16-ի հանրահավքում դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը հայտարարում է իրենց պայքարի ամենավճռական օրը։ «Երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ից հայտարարում ենք համազգային գործադուլ և դասադուլ», - նշեց նա
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, կամ հրաժարական կտա այն դեպքում, երբ ժողովրդի կամարտահայտման հավաստի դրսևորում տեսնի, քանի դեռ դա չկա, շարունակելու է իր պարտականությունները: