Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Ազատության» ու 5-րդ ալիքի աշխատակիցների նկատմամբ բռնությունն ու խտրականությունը

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են նախօրեին, ինչպես նաև այսօր լրագրողների նկատմամբ կիրառված անթույլատրելի գործողությունները:

Դեկտեմբերի 19-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ, ֆիզիկական բռնության է ենթարկվել միջոցառումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Քաղաքացիները, որոնք մտադրվել էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սգո երթին մասնակցող նրա աջակիցների մուտքը «Եռաբլուր», «հեսա «Ազատություն»-ը» գոռալով հարձակվել են օպերատորի վրա, գցել գետնին ու հարվածներ հասցրել նրան։ Նույն օրը, սգո երթի մեկնարկին, Հանրապետության հրապարակում թիրախավորվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Լարա Առաքելյանը։ Նախ հավաքի մասնակիցները վիրավորել և ճնշման են ենթարկել նրան, ապա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերել լրատվամիջոցի նկատմամբ։ Հրաժարվելով պատասխանել Լարա Առաքելյանի հարցերին՝ պատգամավորը հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույց տալ ներկա ցանկացած լրատվամիջոցի, բացի «5-րդ ալիք»-ից։

Այսօր էլ Սյունիքի մարզում, Գորիս տանող ճանապարհին, քաղաքացիները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը լուսաբանող՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռոբերտ Զարգարյանի հասցեին՝ փորձելով խոչընդոտել նրա աշխատանքը։

«Այս միջադեպերն ակնհայտորեն արտացոլում են հասարակության ծայրահեղ բևեռվածությունը, տիրող ատելության մթնոլորտը։ Իրավիճակի առողջացմանը չի նպաստում նաև լրատվամիջոցների՝ ըստ քաղաքական ճամբարների բաժանված լինելու փաստը։ Այդուհանդերձ, երկրում հասարակական-քաղաքական կայունությանը նպաստելու այլ ելք չկա, քան հանդուրժողականության հաստատումը, այլ կարծիքների նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունքի և կառուցողական բանավեճի մշակույթի ձևավորումը։ Իսկ այս ամենը պետք է վերահաստատվի նախևառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերվող զսպվածությամբ և հարգանքով», - հայտարարում են կազմակերպությունները։

Նրանք համոզված են, որ ստեղծված իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել, եթե լրագրողների նկատմամբ ոտնձգություններ իրականացնողներն անպատիժ մնան։ Ի դեպ, հիշեցնում են նաև` անցնող տարվա ընթացքում նմանատիպ ոչ մի դեպքով մեղավորները չեն պատժվել. «Իսկ անպատժելիությունը, ինչպես հայտնի է, նոր իրավախախտումներ է ծնում», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ–Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբը:

Նրանք պահանջում են․

  • ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել նշված միջադեպերի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց,
  • Քաղաքական ուժերից և նրանց համակիրներից՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից։