Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոս, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդեն 6 ժամից ավելի է գտնվում է անազատության մեջ և իրավապահ որևէ կառույց այդպես էլ չի հայտնում, թե որտեղ է առավոտյան ժամը 5-ից ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքապետը։
Քաղաքապետի թիմակիցներն ու փաստաբաններն դեռևս չեն կարողանում որևէ տեղեկություն ստանալ Առուշանյանի մասին։ Փաստաբան Արմեն Մելքոնյանը սա առևանգում է որակում։ Օրենքով քաղաքացուն կարող են անազատության մեջ պահել 3 ժամ, ասաց փաստաբանը։
Մելքոնյանի խոսքով՝ իրենց չի հաջողվում կապ հաստատել իրավապահների հետ՝ պարզելու՝ որտեղ է քաղաքապետն ու ինչ քրեական գործի շրջանակում են նրան բերման ենթարկել։
Առուշանյանը կեսգիշերին ֆեյսբուքում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ արգելելու«հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։
Առուշանյանը բերման է ենթարկվել իր այս հայտարարությունից մի քանի ժամ անց, և Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը սա քաղաքական հետապնդում է որակում։
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրենք բերման են ենթարկել Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում և այդ գործը փոխանցել են Քննչական կոմիտե։ Թե ինչ գործի մասին է խոսքը, ոստիկանությունը չի մանրամասնում։
Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանն «Ազատության»-ն ասաց, որ գործը դեռևս չեն ստացել, հետևաբար տեղյակ չէ մանրամասներից, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետի անազատության մեջ մնալու հարցերից։
Նշենք, որ Փաշինյանն այժմ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։