Գորիս-Կապան ճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահներն իրականացնում են վերակարգերի տեղակայման աշխատանքներ

Հայ սահմանապահը Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ, տեղեկացնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

«Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ԱԱԾ սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով: