Հինգշաբթի օրը հարավային շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 36 դի է հայտնաբերվել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Երեկ ամբողջ օրվա ընթացքում փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքները շարունակել են հարավային շրջանում, և ընդհանուր առմամբ ևս 36 դի է հայտնաբերվել, աճյուն է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական անձ է՝ տարեց կին, նրա ինքնությունը դեռ պարզ չէ, և հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Մյուս 35-ը զինծառայողներ են՝ կոնկրետ մարտական գործողություններին մասնակից», - ասաց Թադևոսյանը։
Այսօր էլ ջոկատները շարունակելու են աշխատանքները հարավային ուղղությամբ։ «Ավելացել է Ներքին Ճարտար բնակավայրը, և [աշխատանքները] շարունակվում են Ֆիզուլու, Ջաբրայիլի, Հադրութի և Իշխանաձորի հատվածներում», - ասաց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
Նշենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին։