Եվրամիությունը պատրաստ է ղարաբաղյան  հակամարտության «տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել»

Հայաստանի և Եվրամիության դոշները, արխիվ

Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի երրորդ նիստում «քննարկման առանցքում են լինելու տարածաշրջանային խնդիրները և պատերազմն Արցախում, երբ Ադրբեջանը մարտահրավեր նետեց Արևելյան գործընկերության հիմքում ընկած արժեքներին, մեր ընդհանուր եվրոպական արժեքներին», - երեկ Բրյուսելում նիստին ընդառաջ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։

Նախարարը շեշտել է, որ «Ադրբեջանը բացահայտ խախտել է իր միջազգային պարտավորությունները՝ ուժ կիրառելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքները, իրականացնելով պարբերական բնույթ կրող հրեշավոր պատերազմական հանցագործություններ, թիրախավորելով ոչ միայն Արցախի բնիկ ժողովրդին, այլև մեր հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը՝ դրանով իսկ ակնհայտորեն ի ցույց դնելով իր ցեղասպան մտադրությունը` վերացնելու տարածաշրջանում Հայաստանի հազարամյա ներկայության հետքերը»:

«Այս ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի ուղղակի աջակցությամբ, ընդհանուր առմամբ խաթարել է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Այն նաև վկայնում է այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների հասցեագրման նախադեպ: Եվ այս առումով մենք կցանկանայինք լսել այս վերջին ագրեսիայի և տարածաշրջանային կայունության վրա վերջինիս ազդեցության վերաբերյալ Եվրամիության մեր գործընկերների կարծիքը», - ասել է Այվազյանը՝ ընդգծելով․ - «Ադրբեջանի ագրեսիվ և ցինիկ վարքագիծն անընդունելի է և պետք է դատապարտվի, քանի որ այն հարցականի տակ է դնում Արևելյան գործընկերության առանցքային արժեքները»:

«Մենք նաև ցանկանում ենք լսել այս ագրեսիայի հետևանքների հասցեագրման գործում Եվրամիության դերի մասին, մասնավորապես՝ հումանիտար ճգնաժամի տեղում հաղթահարման հարցում», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Սա ժամանակային առումով պատեհ և կարևոր հանդիպում է, որի ընթացքում Արցախում և տարածաշրջանում իրավիճակից զատ քննարկվելու են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը, ինչպես նաև կյանքի տարբեր բնագավառների վրա COVID-19 համավարակի ունեցած բացասական հետևանքների և դրանց հաղթահարմանն առնչվող հարցեր, Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Այվազյանը։

Նա ընդգծել է, որ Գործընկերության խորհրդի նախորդ հանդիպումից ի վեր Եվրամիության անդամ բոլոր երկրները՝ բացի մեկ երկրից, արդեն իսկ տեղեկացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին։ «Հայաստանը մշակել է այն դրույթների կյանքի կոչման ճանապարհային քարտեզը, որոնք դեռևս ուժի մեջ չեն մտել: Ակնկալում ենք, որ ՀԸԳՀ շուտով ամբողջապես կվավերացվի և ուժի մեջ կմտնի, որի արդյունքում մեր համագործակցության արդյունքները կհամալրվեն և կբազմապատկվեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի», - հայտարարել է Արա Այվազյանը։

Ապա կայացել է ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը նախագահել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյիի մասնակցությամբ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարել է Արա Այվազյանը։

«Գործընկերության խորհուրդը գնահատեց ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, որն ընգրկում է համագործակցության լայն շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտային ուղղություններում։ Քննարկվեցին նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր այլ թեմատիկ ուղղություններ: ԵՄ-ն վերահաստատեց իր շարունակական լիակատար հանձնառությունը համատեղ օրակարգին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

Գործընկերության խորհուրդն անդրադարձավ COVID-19 համավարակի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին՝ ընդգծելով ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կյանքի և կենսամիջոցների պաշտպանությանը, հասարակությունների և տնտեսության վերաբացմանը։

ԵՄ-ը և Հայաստանը քննարկեցին նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ԵՄ-ի դերը վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր», - ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում։

«ԵՄ-ն ողջունում և աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետուտ լինելու և մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը, չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը», - նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը: - «ԵՄ-ն, սերտ փոխլրացնելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության և վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»:

«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության: COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», - ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ՝ Եվրոպական միությունը հրապարակել էր զեկույց 2019 թվականի մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին։ Զեկույցում ընդգծվում է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման Հայաստանի առաջընթացը, նրա հետևողականությունը ներպետական բարեփոխումների հանձնառությանը և ԵՄ-ի առանցքային դերը՝ դրանց աջակցման գործում։

Նույն օրը Արա Այվազյանը հանդիպումներ է ունեցել Ժոզեպ Բորելի և Օլիվեր Վարհեյիի հետ։

ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը կայացել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպման նախօրյակին: