Թադեի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Իրան - Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը, արխիվ

Երեկ առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեին որոշման համար: Նա մասնավորապես նշել է, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր դարձավ Իրա­նի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Դեսպանն ընդգծել է, որ նախաձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության, ասված է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։

Ս. Թադեոս առաքյալի (Թադեի) վանքի ուխտագնա­ցությունը Իրանում հայկական դարավոր մշակութային ներ­կայության և շարունակակա­նության, մշակութային, կրոնա­կան ինքնատիպութ­յունը պահ­պանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Հատկանշական է, որ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008-ին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ:

«Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ. և այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․) և «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.) տարրերը», - ասված է Արտգործնախարարության տեղեկանքում։