Կառավարության նիստում Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Արամ Խաչատրյան, արխիվային լուսանկար։

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ։ Երկու տարի պաշտոնավարած Անդրեյ Ղուկասյանը երեկ հրաժարական էր ներկայացրել։

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ։ Երկու տարի պաշտոնավարած Անդրեյ Ղուկասյանը երեկ հրաժարական էր ներկայացրել։

Նախօրեին «Ազատությանը» տված հարցազրույցում Ղուկասյանն ասել էր, որ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումն է։

Արամ Խաչատրյանն մեկ շաբաթ առաջ էրհրաժարվել իր պատգամավորական մանդատից՝ նշելով, որ գործադիրում է աշխատանքի անցնելու։ Մինչև այսօր չէր մանրամասնում, թե հատկապես ինչ աշխատանքի մասին է խոսքը, բայց հաստատում էր, որ որևէ պաշտոն ունենալու է։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կուսակիցներից միայն երեկ երեկոյան է տեղեկացել Լոռու մարզպետի պաշտոնին նշանակվելու մասին։

42-ամյա Արամ Խաչատրյանը զինվորական է, մայորի կոչում ունի։ Կրթությունն ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 1999-ից հետո 10 տարի Զինված ուժերում դասակի, ապա վաշտի հրամանատար է եղել, 5 տարի գումարտակի շտաբ է ղեկավարել։ Դրանից հետո Լոռու մարզի գյուղերից մեկում աշխատել է որպես զինպատրաստության ուսուցիչ։ Զուգահեռ մտել քաղաքականություն։ 2012 թվականին ընտրվել է Վանաձորի ավագանու անդամ, 2016 թվականի Վանաձորի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է եղել։ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս զինվորական լեզվով նկարագրեց Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը․ - «Էս իրավիճակը նման է այն բանին, երբ պաշտպանողական նռնակի օղակը հանում ես և չորս վայրկյան հետո տրաքում ա էդ նռնակը, չորրորդ վայրկյանին բերեցին տվեցին այս իշխանությանը, երբ որ կարող էին էդ օղակը նախորդ իշխանությունները հետ դնել»։

Հեղափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը» հիմնադրումից ի վեր ղեկավարել է Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատել է նաև նորանշանակ մարզպետի կինը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։

Հիմնադրամների գործունեության օրինականությունը կասկածի տակ առնող քրեական գործի նախաքննությունը երկու տարի անց դեռ չի ավարտվել։ Այսօր Խաչատրյանը հրաժարվեց խոսել այս մասին՝ ասելով․ - «Այդ գործը չի կարճվել, գտնվում է իրավական դաշտում, և ես թույլ տվեք չմեկնաբանեմ»։

Մարզի ղեկավարի պաշտոնը թողած Անդրեյ Ղուկասյանը երկու օր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր, որ պաշտոնավարման տարիներին ահռելի դրական փոփոխություններ են եղել մարզում, հատկապես բնակարանաշինության, կրթության, առողջապահության ոլորտներում։ Մեծ աշխատանք է կատարվել սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ․ - «Տնտեսվել է միլիարդավոր դրամ գումարներ՝ և՛ սոցիալական ոլորտի հետ կապված չարաշահումները կանխելով, և՛ մնացած բոլոր ծրագրերում քանի որ եղել է ամեն ինչը օրինականության սահմաններում, բավականին մեծ գումարներ է տնտեսվել։ Բավականին լավ, դրական արդյունքներ ենք ունեցել։

Այսօր Արամ Խաչատրյանը նախընտրեց դեռևս լռել նախկին մարզպետի թողած ժառանգության և իր առաջիկա անելիքների մասին։