Ընդդիմադիրներն արձագանքում են վարչապետի երեկվա հայտարարություններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Այս օրերին մայրաքաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ իրականացնող 17 քաղաքական ուժերից մեկի, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով վարչապետի երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում արված հարցադրմանը, թե ինչո՞ւ ընդդիմադիրներն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն պահանջում, երբ չկա որևէ փաստ, որ ինքն ընտրություններ է կեղծել, ասում է՝ «այո, Նիկոլ Փաշինյանն ընտրություն չի կեղծել, բայց Արցախն է հանձնել»։

«Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը, Նիկոլ Փաշինյանը հանձնել է թուրքին, Նիկոլ Փաշինյանն անձնապես մեղավոր է 5 հազար և ավելի երեխաների մահվան համար, Նիկոլ Փաշինյանը մեղավոր է 10 հազար և ավելի խեղված երեխաների համար: Նիկոլ Փաշինյանը թող դադարեցնի իր դեմագոգիան», - նշեց Զոհրաբյանը:

Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին չմասնակցող այլ քաղաքական ուժերն էլ առաջին հերթին խոսում են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտում է՝ իշխանություն ձևավորելու մեկ տարբերակ կա՝ ընտրությունները. «Մենք արտահերթ ընտրությունների մասին ենք խոսում, ասում ենք, որ պետք է նա անհապաղ հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ: Իշխանության ձևավորման մի ձև կա՝ ընտրությունների միջոցով»:

Զուրաբյանն ընդգծում է՝ ընտրությունների միջոցով գործունակ իշխանություն պետք է ձևավորվի, ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսն առայժմ քննարկումներ չի անցկացրել։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը համաձայն է, որ Փաշինյանի ղեկավարման օրոք ընտրություններ չեն կեղծվել. «Ուրիշ բան, որ արդար չի եղել ընտրությունը, որովհետև այդ պայմանում արդար ընտրություն դժվար թե լիներ, բայց ամեն դեպքում այն կեղծիքները, որ եղել են նախկինում, չեն եղել, և դա բոլորն են ըստ էության ընդունել»:

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն, սակայն ոչ հիմա։ Վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում նաև ընդգծում է, որ այս շրջանում փողոցային պայքարի դուրս եկած ուժերը նախկինում ընտրություններ են կեղծել։ Վարչապետի խոսքով՝ խնդիրն իր հրաժարական տալ-չտալը չէ, այլ այն՝ կկորցնի՞ ժողովուրդն իշխանություն ձևավորողի կարգավիճակը, թե՞ ոչ:

«Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ կո՞ղմ է, որ ընտրություններ անցկացվեն Փաշինյանի կառավարման օրոք, Սահակյանը պատասխանում է՝ նախընտրում է ներկայիս համակարգը: «Եթե ընտրությունը նախկին համակարգի և ներկա համակարգի մասին է, ապա ես կնախընտրեմ ներկան», - ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամը:

Վարչապետի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն օրեր առաջ հայտարարեց, որ առաջիկա մեկ տարում ընտրություններ անցկացնելն անհեթեթություն կլինի: