Չավուշօղլուի համոզմամբ՝ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները «կոպիտ քաղաքական սխալ են»

Ռուսական արտադրության С-400 հրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները սխալ են թե՛ քաղաքական, թե՛ իրավական տեսանկյունից, այսօր թուրքական «24-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, որ ամերիկացիներն Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար շրջանցել են անգամ իրավաբանության հիմնարար սկզբունքներից մեկը, որի համաձայն, օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող։

«Այն պահին, երբ Թուրքիան պայմանագիր էր կնքում С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին, այն օրենքը, որի հիման վրա Միացյալ Նահանգները մեր դեմ պատժամիջոցներ է կիրառում, դեռ ընդունված չէր», - հայտարարում է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Օրենսդրական նորմը, որի մասին խոսում է Չավուշօղլուն, ԱՄՆ կողմից ընդունված «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն է, որը և վկայակոչելով՝ պաշտոնական Վաշինգտոնն այս շաբաթասկզբին հայտարարեց Անկարայի դեմ թիրախային սանկցիաների կիրառման մասին։

Ամերիկյան կառավարության որոշման համաձայն, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները զրկվում էին ԱՄՆ տարածք մուտք գործելու իրավունքից, Միացյալ Նահանգների տարածքում գտնվող նրանց ունեցվածքն ու ֆինանսական միջոցները սառեցվում էին, իսկ նրանց ղեկավարած գերատեսչությունը զրկվում էր ԱՄՆ արտահանում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաներից։

Միացյալ Նահանգների կառավարությունն այս քայլին դիմեց գրեթե երեք տարի տևած բանակցություններից ու վեճերից հետո։ Վաշինգտոնում պնդում են, որ ռուսական արտադրության նորագույն սպառազինության ձեռքբերումը ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող պետության կողմից կարող է դաշինքի ռազմական գաղտնիքների մի մասը հասանելի դարձնել Մոսկվայի համար։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն անգամ հայտարարեց, որ С-400 համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից վտանգում է ոչ միայն ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներն այլև ամերիկացի զինվորականների կյանքը։ Թուրքական իշխանությունները, սակայն, այս պնդումների հետ կտրականապես համաձայն չեն։

«Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը միակողմանի քայլ էր, որով թիրախավորվել են մեր երկրի ինքնիշխան իրավունքները», - այսօրվա հարցազրույցում նշում էր Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցներն որևէ կերպ չեն ազդելու երկրի ռազմարդյունաբերական համակարգի հետագա զարգացման վրա։ «Մենք շարունակելու ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր ռազմարդյունաբերական համալիրն ավելի անկախ դառնա», - նշում էր Թուրքիայի արտգործնախարարը։

Ամերիկյան պատժամիջոցների գլխավոր թիրախ դարձած Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ևս վստահ է՝ Ամերիկայի կողմից ձեռնարկված քայլերը որևէ էական ազդեցություն չեն ունենա երկրի ուժային կառույցների վրա։

Թուրք պաշտոնյան այս մասին հայտարարեց այսօր Անկարայում՝ պաշտոնական Anadolu գործակալության խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ։

«Ազգային պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը և անվտանգության կառույցներն ամերիկյան պատժամիջոցներից չեն տուժի, քանի որ դրանց թիրախում Պաշտպանական արդյունաբերության վարչությունն է և դրա չորս աշխատակիցները։ Այս պատժամիջոցները չեն ազդի նաև Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների աշխատանքի վրա։ Որևէ ազդեցություն չի լինի նաև այն պայմանագրերի կատարման վրա, որոնք մենք ավելի վաղ էինք ստորագրել», - հայտարարում էր Իսմայիլ Դեմիրը։