Ազգային ժողովը երեկ դադարեցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները։
Ըստ ԱԺ հաղորդագրության, Ազգային ժողովը հիմք է ընդունել պատգամավորի՝ հրաժարականի մասին դիմումը։
Արամ Խաչատրյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 9-ին։ Լոռու մարզից ընտրված պատգամավորը նշել էր, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։
Նշենք, որ այսօր սպասվում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրաժարականը։ Թե ով կլինի հաջորդ մարզպետը, Ղուկասյանը անուններ չի նշում։
Խաչատրյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մարզպետ դառնալու հավանականությունը. «Քննարկումը տեղի է ունեցել, որ ես պիտի անցնեմ գործադիրում, գործադիրում որտեղ, մի քանի տարբերակներ ենք քննարկել, թույլ տվեք` փակագծերը չբացեմ, մոտ օրերս կիմանաք»: Ճշտմանը` ամեն դեպքում որևէ տեղ պաշտոն ստանալո՞ւ է առաջիկայում, պատասխանել է` այո: