Պարենային հիմնական ապրանքները վերջին շրջանում թանկացել են, սա փաստում են ինչպես սպառող քաղաքացիները, այնպես էլ վաճառողները։
«Ազատությունը» մայրաքաղաքի ամենամեծ սուպերմարկետներից մեկում արձանագրեց, որ թանկացել են հացը, ձեթը, ինչպես նաև շաքարավազն ու պահանջված այլ ապրանքներ. «Եթե ձեթն այն ժամանակ 500-600 էր, հիմա 800 քանիս է դարձել, մեկ լիտրանոց ձեթը, որը ես հիմնականում առնում եմ: Յուղը թանկացել է, ես էտ էմ նկատել, պանիրը թանկացել է` 1550-1650 է դարձել»:
Գնաճի մասին բարձրաձայնում են գրեթե բոլորը, ասում են` զգում են թանկացումների բեռը: Մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկի հաճախորդներն այս թանկացումները նկատել են նոյեմբերի կեսից. «Բոլորն էլ կզգան, հնարավոր չի, եթե աշխատավարձով ես ապրում, բնականաբար ամեն մի փոքր բանն էլ կզգաս»:
Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է` նոյեմբեր ամսին գնաճը կազմել է 1.3 տոկոս: Գլխավոր դրամատան նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում պարզաբանեց` համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի երկրորդ ալիքը բացասաբար է ազդել, ինչն էլ հանգեցրել է գնաճի. «Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե հումքային և թե պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրերի վրա: Ելնելով նշված զարգացումներից` Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն»:
Կենտրոնական բանկի կանխատեսմամբ` մինչև տարեվերջ գնաճի տեմպերը կմեծանան. «Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկաներում պարենային ապրանքների մասով, ինչպես նաև այս ամեն ինչին նպաստում է հայկական դրամի արժեզրկումը»:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վերջին շաբաթներին Հայաստանում թանկացած ապրանքների միջազգային գներն է օրինակ բերում: Ըստ նրա` ցորենի միջազգային գինը նոյեմբերի 1-ի նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 34 տոկոսով, միջազգային շուկայում թանկացել են նաև շաքարավազը, ձեթը. «Այսինքն` կան որոշակի ապրանքներ, որոնք, բնականաբար, իրենց ներմուծման ցիկլից կախված Հայաստանում կարող են կարճաժամկետ հատվածում աճել»: Մարտին Գալստյանի գնահատմամբ` առաջիկայում կթանկանան ներմուծվող ապրանքները, գնաճը կշարունակվի նաև հաջորդ տարվա սկզբին. «Ես չգիտեմ` ինչքանով, ենթադրենք, վաճառողները, առևտրի կենտրոնները կկարողանան այդ ամբողջ բեռը գները բարձրացման դնել սպառողների ուսերին, թե ինչ-որ չափով իրենք կկրճատեն իրենց շահույթի մարժան` հաշվի առնելով թույլ պահանջարկը»:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը համակարծիք է՝ գնաճի վրա ազդեցություն ունի նաև դրամի արժեզրկումը։ «Երեք ապրանքախմբերը հիմնականում ներմուծվում են, իսկ փոխարժեքի փոփոխությունը, բնականաբար, ազդում է դրանց վրա, և դրամի արժեզրկումը հանգեցնում է որպեսզի դրամային արտահայտմամբ այդ ապրանքների գները բարձրանան», - ասաց Ֆանյանը։
Վերջին ամիսներին գրանցվող դրամի արժեզրկումն ըստ ԿԲ-ի` պայմանավորված է փոխարժեքի մեծ պահանջարկով, ինչն էլ քաղաքացիների շրջանում առկա անորոշության մթնոլորտի հետևանք է։
Ամանօրյա տոներին սովորաբար մեծ պահանջարկի պատճառով բազմաթիվ ապրանքատեսակներ են թանկանում, բայց այս տարի պահանջարկը նույնը չի լինելու, ասում է տնտեսագետն ու հավելում, որ ապրանքների ոչ մեծ պահանջարկն ու դրամի արժեզրկման հետևանքները կարող են զսպել միմյանց։
«Այսինքն՝ մի կողմից պահանջարկը մեծ չի լինի, որպեսզի գները բարձրացնեն, մյուս կողմից քանի որ մեծամասնությունում մերձարևադարձային մրգեր ենք ներմուծում մեծ քանակությամբ, դա կարող է հանգեցնել որոշակի գնաճի, այսինքն՝ երկու իրար հակադարձ հոսանք կա», - ասաց տնտեսագետը։
Հաշվի առնելով արդեն արձանագրված և առաջիկայում սպասվող ավելի մեծ գնաճը` Կենտրոնական բանկը որոշել է մեկ տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.25 տոկոս, ինչը նշանակում է, որ այսուհետ Կենտրոնական բանկից ավելի բարձր գնով միջոցներ կփոխառվեն. այս տոկոսադրույքի բարձրացումը գնաճի տեմպերը մեղմելու գործիք է։