Հայաստանը երեկ Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու կամ ազատազրկված անձի։ Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը։
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարությանը համապատասխան՝ այսօր տեղի է ունեցել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սրան նախորդել է ռուս խաղաղապահների նախապատրաստական մեծ աշխատանքը հայկական և ադրբեջանական կողմերի հետ, ինչի արդյունքում իմ անձնական հսկողությամբ ռուսական ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել 12 անձ, իսկ Ադրբեջանը փոխանցել է 44 անձի, որոնք ինձ հետ ժամանել են «Էրեբունի» օդանավակայան», - ասել է Մուրադովը։
«Ռուս խաղաղապահները շարունակելու են հետագայում էլ նպաստել եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը», - վստահեցրել է հրամանատարը։