Երեկ ուշ երեկոյան Երևան ժամանեցին Ադրբեջանում գերեվարված 44 հայ գերիներ։ «Էրեբունի» օդանավակայանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրանց դիմավորում էին նաև հարազատները։ Նրանք սրտատրոփ սպասում էին, որ լսելու են հենց իրենց որդիների, հայրերի, ամուսինների անունները։ Հավաքվածների միակ ցանկություն էր՝ օր, ժամ, րոպե առաջ իրենց հարազատները հասնեն տուն։
«Քիչ առաջ կարդացին իմ եղբոր անունը, որի համար շատ ուրախ եմ, չեմ կարող բացատրել ուղղակի։ Ամսի 3-ից եղբորիցս լուր չունեի, ամսի 22-ից արդեն լուսանկարը տեսել ենք, որ հայտնվել է գերության մեջ», - օդանավակայանում ասաց վերադարձող գերիներից մեկի եղբայրը։
Օդանավակայանում գտնվող կանանցից մեկն էլ որդուն էր սպասում։ «Թող բոլորիս աչքը լույս լինի, շնորհակալ եմ բոլորից, ով որ աղոթել ա մեր գերիների համար, բոլոր մայրերից շատ շնորհակալ եմ, հուզմունքից չեմ կարողանում արտահայտել իմ ուրախությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը։
Դիմավորումից հետո Արցախի նախագահը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած գերիների հետ։ Հարությունյանն ընդգծել է, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել է բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:
«Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը», - ասել է Արցախի նախագահը:
Երեկ ուշ երեկոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻՊ աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի և բժշկուհի Գայանե Ղուկասյանի հետ այցելել է հոսպիտալ՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձածների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին։ Բեգլարյանը նշել է, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։
«Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը: Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ», - ասել է Արցախի օմբուդսմենն ու 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ մաղթել։
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։