Երեկ ուշ երեկոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻՊ աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի և բժշկուհի Գայանե Ղուկասյանի հետ այցելել է հոսպիտալ՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձածների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թաթոյանը։
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։