Ադրբեջանի գործողությունները փորձ են՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, նշում է ԱԳՆ-ն


Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների չկատարումը, ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափի նկատմամբ, Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման արհեստական ձգձգումը և ռազմական ուժի վրա հաշվարկը շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքների հիմնական աղբյուրը և տևական ու ամուր խաղաղություն հաստատման համար խոչընդոտը:

Ադրբեջանի գործողությունները, որոնք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Արցախը իր կողմից կշարունակի հետևողական ջանքեր գործադրել միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հանրապետության տարածքի դեօկուպացիային և նրա բնակչության՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին հասնելու նպատակով:

Դեկտեմբերի 11-ին, ինչպես նշում է Արցախի ԱԳՆ-ն, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության հրազենային վիրավորումներ: Ապա այդ գործողությունները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ: Ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, տեղակայվել են նաև խաղաղապահ ուժերի լրացուցիչ դիտակետեր՝ իրավիճակը շուրջօրյա դիտարկելու և հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով: