Վահան Քերոբյան. Ես չեմ երազում Թուրքիայի հետ սահմանների բացվելը, իմ ֆոկուսը տնտեսությունը զարգացնելն է

Նոյեմբեր 26-ից էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանն ասում է` դրամի արժեզրկումը պետք չէ դիտարկել որպես աղետ: Իր առաջիկա ծրագրերի թվում նշում է սպառումը խթանող տնտեսության ստեղծումը, Հայաստանում ներդրումների համար ամենամեծ խոչընդոտներից մեկը համարվող բյուրոկրատական քաշքշուկների դեմ պայքարը: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում նախարարն անդրադառնում է նաև իր ավելի վաղ արած հայտարարություններին` կապված հայ-թուրքական սահմանի բացման հետ: Ի դեպ, Վահան Քերոբյանը «Մենյու-գրուպ» ընկերության հիմնադիրներից է, նշեց, որ իր բիզնեսը հանձնում է հավատարմագրային կառավարման:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմաններ բացվելուն, դա ես չեմ երազում»

Պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 20-ը Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարարն իր եղբայրների հետ, թողնելով իրենց երեխաներին, գնացել է առաջնագիծ, ասում է ինքը` Քերոբյանը` հավելելով, որ եթե այդքանից հետո որևէ մեկը կարող է իրեն թույլ տալ նրան անվանել «հող հանձնող», ապա այդ քաղաքացներին մաղթում է մարդկային բարոյական արժեքներ ձեռք բերել: Այս մասին Քերոբյանը նշեց` անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, թե «դավաճան է»:

Ապա անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացվելու մասին արած իր հայտարարությանը, որը տարընթերցումների առիթ էր դարձել. «Ինչ վերաբերում է այդ արտահայտությանը, ապա դա կոնտեքստից կտրված արտահայտություն է, այն նախադասությունը, որը ես ասել եմ, հնչել է այսպես` մենք պարտավոր ենք փոխվել, պարտավոր ենք լրջանալ և պարտավոր ենք դառնալ ավելի լավը, այսինքն` դառնալ մրցունակ, որովհետև մենք նախ և առաջ այսօր չենք համապատասխանում 21-րդ դարի մարտահրավերներին, և հետո եթե մի օր մրցակցությունը թեժանա սահմանների բացվելու հետևանքով, մենք պետք է պատրաստ լինենք դրան, այսինքն` խնդիր չի եղել, որ ես ուզում եմ` դա լինի, կամ ես չեմ ուզում, որ դա լինի: Այսօր մեր քաղաքականությունը հետևյալն է` փակվում է Թուրքիայի հետ ցանկացած առևտուր, ընդ որում դա կար մինչև հիմա: Եթե կլինի որևէ փոփոխություն, դա պետք է լինի երկուստեք, հիմա մենք Թուրքիայից գնում ենք, բայց չենք կարողանում վաճառել, որովհետև կա հակառակ կողմի էմբարգոն, իմ մոտեցումն այն է, որ դա չպետք է կրկնվի, չպետք է հանդուրժվի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը ուժեղանա: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմաններ բացվելուն, դա ես չեմ երազում, այսպես ասած, դա արտաքին դիվանագիտության հետ կապված հարց է, իմ ֆոկուսն այսօր մեր երկրի տնտեսությունը զարգացնելն է»:

«Իմ պլանն ավելի բարձր տնտեսական աճն է, քան կանխատեսված է բյուջեով»

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե բյուջեի պակասուրդը 2021 թվականին որքան կկազմի: «Տարբեր մոտեցումներ կան, անընդհատ փոխվում են, վերջին մոդիֆիկացիան 300 միլիարդի կարգի է, բայց ես կարծում եմ, որ մենք ավելի քչով յոլա կգնանք, որովհետև իմ պլանն ավելի բարձր տնտեսական աճն է, քան կանխատեսված է բյուջեով, և իհարկե ես` որպես բիզնեսմեն, տեսնում են ռեսուրսների օպտիմիզացիայի կարիք, համենայն դեպս իմ գերատեսչությունում, և կարծում եմ, որ հնարավոր կլինի` ավելի քչով բավարարվել»:

Կարժեզրկվի՞ դրամը

«Ես առաջարկում եմ դրամի արժեզրկմանը չնայել որպես կատաստրոֆա, դա աղետ չէ», - ասում է նորանշանակ նախարարը` ուշադրություն հրավիրելով նաև, թե ինչ է կատարվում այլ երկրներում, օրինակ` թուրքական լիրան սրընթաց անկում է ունենում:

«Մենք, պատերազմում գտնվելով հանդերձ, մեր դրամն ավելի քիչ է արժեզրկվել, քան Ռուսաստանի, Ղազախստանի դեպքում», - նշեց նա:

Ոլորտում կարևոր անելիքները

Վահան Քերոբյանը շեշտեց, որ Հայաստանում ներդրումների համար ամենամեծ խոչընդոտներից մեկը բյուրոկրատական քաշքշուկներ են այն պարագայում, երբ կա ներդրող, կա գումար, կա ծրագիր. «Անհապաղ անելիքների շարքում է այդ պրոյեկտներն օր առաջ գործարկելը, օգնել այդ ինվեստրներին հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկները, մտնել շուկա, և այդտեղ բոլորը համակարծիք են:

Մյուս անհապաղ անելիքներից մեկը փրկօղակ նետելն է սպառմանը: Սպառումը մեր տնտեսության ամենաշատ տուժած ենթաոլորտն է: Մենք պլանավորում ենք սպառումը խթանող տնտեսության աճեցման ծրագիր գործի մեջ դնել»:

«Առիթ կա, որ ես օգտակար լինեմ իմ հայրենիքին, և ես այդ առիթը բաց չեմ թողնի»

Մի քանի օգտատերեր հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է հենց ինքը նշանակվել նախարար, և հաշվարկե՞լ է արդյոք, որ քաղաքական այս թիմը միգուցե չլինի իշխանության ղեկին: Այս հարցերին բանախոսն արձագանքեց. «Ես կարծում եմ` այն, ինչպես ես ընկալում եմ, և այն, ինչ ինձնից ակնկալվում է թե իշխող թիմի, թե իհարկե քաղաքացիների կողմից, դա անխոնջ և եռանդուն աշխատանքն է, որը ես համարում եմ բանակում ծառայության տրամաբանական շարունակություն. առիթ կա, որ ես օգտակար լինեմ իմ հայրենիքին, և ես այդ առիթը բաց չեմ թողնի»:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.