Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը, հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
«Միջազգային կազմակերպությունների և ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ իրականացված բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումն իրականացնել բոլորին՝ բոլորի դիմաց սկզբունքով, և գործընթացն արդեն սկսվել է»,- ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է ադրբեջանական պետական գերատեսչությունը։
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ հայկական կողմն արդեն Արդբեջանին է հանձնել 2014-ին Ղարաբաղում ձերբակալված Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին, որոնք ծանր պատժի էին դատապարտվել՝ դիվերսիոն գործողությունների և անչափահասի սպանության համար։
Պաշտոնական Երևանն առայժմ որևէ հաղորդագրություն չի տարածել։ Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե կողմերը մոտեցել են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկին: