Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են Արցախում և Հայաստանում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։
«Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ։