Համացանցում հայտնված Արցախի նախագահի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցը կեղծ չէ

Համացանցում է հայտնվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Հարությունյանը, ենթադրաբար, խոսելով Երևանից ակնկալվող օգնության մասին, հայտարարում է՝ Ստեփանակերտի մատույցները դատարկ են, տասը օր է ասում է՝ մարդ տվեք Ստեփանակերտը պահեմ, չեն ուղարկում։ Զրուցակիցները խոսում են Արցախի բարբառով։

«Տասը օր ա՝ ասում եմ՝ Ստեփանակերտը մնացել է երկու կաղի հույսի։ «26»-ը (դիրքեր Ստեփանակերտի մատույցների մոտ) դատարկ է: Արա դե… երկու մարդ ունենք, երկու մարդով դիրք պահել լինո՞ւմ է, քանի՞ մարդ կա։ Կռիվ անելով եկել Շուշի են հասել», - ասում է Արցախի նախագահը:

Վահրամ Պողոսյանը ողջ օրվա ընթացքում մեր տասնյակ հեռախոսազանգերն անպատասխան թողեց, Ռուսլան Իսրայելյանը նույնպես, բայց նա լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ Արայիկ Հարությունյանը համացանցում հայտնված ձայնագրության մեջ իր հետ է զրուցում, հերքել է, որ ինքն է այն տարածել։

Հարությունյանի ձայնը հնչում է հեռախոսից, իսկ Իսրայելյանինն՝ ավելի հստակ է, տպավորություն է, որ հենց ձայնագրողի կողքին է։ «168 ժամ»-ի դիտարկմանը, թե ձայնագրությունից ենթադրվում է, որ Հարությունյանն օգնության համար դիմել է Հայաստանին ու չի՞ ստացել, Ռուսլան Իսրայելյանը պատասխանել է, թե չգիտի՝ դիմել է, թե՝ չի դիմել, այն, ինչ կա՝ կա ձայնագրության մեջ։ Ըստ Իսրայելյանի, իրենց զրույցը տեղի է ունեցել Շուշիի մերձակայքում ընթացող մարտերի ժամանակ, ինքը քաղաքի պաշտպանական մատույցներում է եղել, զանգել է նախագահին ու ասել, որ ադրբեջանցիները մտնում են Շուշի։

Ո՞ւմ է դիմել Արայիկ Հարությունյանը օգնության խնդրանքով ու չի ստացել այն, փորձեցինք ճշտել Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցից։ Առանց հստակեցնելու հայտարարեց՝ Հայաստանում բոլորին խնդրել են, ապա հավելեց, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուներին տեղեկացրել են, որ պիտի գան պաշտպանելու։ Հյուսնունցը պնդեց՝ տեղյակ չէ՝ ո՞վ ու ինչո՞ւ է տարածել այդ ձայնագրությունը, ո՛չ Ռուսլան Իսրայելյանի հետ է կարողացել կապ հաստատել, ո՛չ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի։

«Ձայնագրությանը ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետև այդ օրերին մարդիկ օրերով չեն քնել, ում գլխից ինչ ասես դուրս կգար, ինչ ասես դուրս կտար, բայց էն, որ հավուր պատշաճի մենք չենք կարողացել մեր պաշտպանությունը կազմակերպել և օգնություն ենք խնդրել, չի եկել, դա փաստ է: Հայաստանում ում գիտենք, բոլորից խնդրել ենք, մասամբ եկել են, մասամբ կռվել են, մասամբ էլ փախել են մեծամասնությունը», - ասաց Հյուսնունցը:

«Ազատության» հարցին՝ վարչապետն էլ է այդ մարդկանց շարքո՞ւմ, Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը պատասխանեց. «Ես կոնկրետ վարչապետի հետ խոսացած չկամ»:

Իսկ թե Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասի՞ն է խոսքը, Հյուսնունցը պատասխանեց. «Պաշտպանության ոլորտում ովքեր կան, բոլորը տեղյակ էին, որ պիտի համալրում գար, գային պաշտպանեին, այն մարդիկ, որ գալիս են այսօր ցույց են անում, որ գրվել են, մի օր եկել են, 11 օր ներկայացրել: Պահը գալու է, մենք ներկայացնելու ենք ինչ որ եղել է, փաստն այն է, որ այսօր այս վիճակում, որ ալեկոծված վիճակ է թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում, էս վիճակում մենք չգիտեմ մեղավորներ ենք փնտրում, եկեք կանգնենք մեր երկիրը կառուցենք: Էս 9 հազար անտուն բնակիչներին պատասխան տանք, մի հատ էլ աթոռակռիվ ենք անում, թե ամառանոցում ով է նստելու»:

Պատերազմի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հորդորել է միանալ պայքարին, այդ թվում՝ հոկտեմբերի 29-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակից էր կոչ անում միանալ Շուշիի պաշտպանությանը՝ հայտարարելով, թե թշնամին գտնվում է քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Արդյոք Արայիկ Հարությունյանը պատերազմի վերջին օրերին, երբ ռազմական գործողություններն արդեն Շուշիի մերձակայքում էին ծավալվում, դիմե՞լ է Պաշտպանության նախարարությանը օգնության համար ու մերժում ստացել։ Հայաստանի ՊՆ-ից բառացի հորդորեցին ճշտել Արայիկ Հարությունյանից, թե ումից է օգնություն խնդրել։

Պատերազմի օրերին ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակության կազմում մի քանի օր Ղարաբաղում գտնված ԱԺ-ի իշխանական «Իմ քայլից» Շիրակ Թորոսյանից փորձեցինք ճշտել՝ համալրմանը վերաբերող ի՞նչ խնդիրներ են եղել, տեղյա՞կ է, որ Արցախում Երևանից ակնկալվող օգնության հետ կապված դժգոհություն կա։

«Պատերազմի ընթացքում, բնականաբար, ծագում են բազմաթիվ խնդիրներ և՛ զորակոչի կազմակերպման առումով, և՛ հրամանատարության թերություններով, բայց ընդհանուր առմամբ մեր բանակն իր բոլոր ստորաբաժանումներով առյուծաբար մարտնչել է, բայց ուժերի անհավասարության պայմաններում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք, այսինքն մենք չենք հաղթել: Այսպիսի իրավիճակում կարող են սկսել մեղավորների փնտրտուք, մեղավորների որս՝ ով որտեղ է սխալվել», -նշեց Թորոսյանը:

«Ազատությունը» չհաջողվեց ճշտել, արդյոք հեռախոսազրույցի հրապարակված ձայնագրությամբ զբաղվո՞ւմ են Արցախի իրավապահները: