Ըստ Էրդողանի՝ ԵՄ «գիտակից» անդամները խափանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Եվրամիության «գիտակից անդամները» այս շաբաթ անցկացված գագաթաժողովում խափանեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու ջանքերը ու պնդել, որ գարնանը, մարտ ամսին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթաժողովում ևս Անկարային վնասող որոշումներ չեն ընդունվի։

Անցած հինգշաբթի Եվրամիության առաջնորդները համաձայնության եկան Թուրքիայի որոշ քաղաքացիների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ ավելի կոշտ քայլերը հետաձգելով մինչև մարտ ամիսը։ Դա բացատրվեց նաև Բրյուսելի քայլերը ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համակարգելու առումով։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջ են դնում ԵՄ անդամներ Հունաստանը և Կիպրոսը, պնդելով, որ Միջերկրականի արևելքում էներգակիրներով հարուստ շրջանում Թուրքիան հետազոտական աշխատանքներ է կատարում Հունաստանի տնտեսական գոտում։ Ֆրանսիան պաշտպանում է Հունաստանի ու Կիպրոսի պահանջները։

Ուրբաթօրյա աղոթքից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, թե Եվրամիության «գիտակից երկրները խանգարեցին այդ խաղը, ցուցաբերելով պոզիտիվ դիրքորոշում»։ Նա նաև նշել է, թե Թուրքիայի հանդեպ Միացյալ Նահանգների ու Եվրամիության պատժամիջոցները կվնասեն երկու կողմերին, ոչ մեկն օգուտներ չի ստանա, կողմերի միջև կապերը չպետք է զոհաբերվեն:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաների հետ հեռավար հանդիպմանը Էրդողանը ելույթ է ունեցել ու ԱՄՆ-ի և Եվրամիության կառավարություններին կոչ արել դուրս գալ «հակաթուրքական լոբբիստների ազդեցությունից»։ Նրա խոսքերով՝ երկխոսության և համագործակցության միջոցով չլուծվող խնդիրներ չկան։