«Բարգավաճ Հայաստանն» այս պահին ունի քաղաքական մեկ օրակարգ՝ կառավարության փոփոխություն և դրանից հետո նոր միայն խորհրդարանակն ընտրությունների անցկացում, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Տոնոյանն ընդգծեց՝ Փաշինյանը և իր ղեկավարած կառավարությունը այսօր չունեն բավարար չափով լեգիտիմություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար։
«Այն կառավարությունը, որը ասոցացվում է բացառապես պարտության, հող հանձնելու, կապիտուլացիայի հետ, չի կարող կազմակերպել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով․ - «Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները, չի բացառվում, ամեն կերպ գնան այդ քայլին՝ փորձելով ամեն կերպ պահպանել իշխանությունը, սակայն, կրկնում եմ՝ մեզ համար այս պահին կա քաղաքական մեկ օրակարգ՝ կառավարության փոփոխություն և դրանից հետո նոր միայն նոր վարչապետի գլխավորությամբ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Երբ որ կրքերը կհանդարտվեն, երբ որ հանրությունը կգիտակցի այն ամբողջ ողբերգության ծավալը, որը տեղի է ունեցել, հանրությունը կգնա ընտրատեղամաս և ինքը կորոշի, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը, Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը»։
Իշխանությունները, հիշեցնենք, հայտարարում են, որ չեն բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հարցով ընդդիամդիրների հետ քաղաքական կոնսուլտացիաները։