Ինչո՞ւ են արտերկրից օգնություն ուղարկված բեռները հաճախ կուտակվում Հայաստանի մաքսատանը կամ օդանավակայանում։
Վալյա Շտոյանի ամերիկաբնակ հարազատներն, օրինակ, տեղի հայերի հանգանակություններով բժշկական երկու ռենտգեն ապարատ ու այլ իրեր էին գնել, ուղարկել Հայաստան։ Շտոյանն «Ազատությանը» պատմեց, որ բարեկամները եկել էին, որ օգնությունն անձամբ տեղ հասցնեն, բայց ստիպված են եղել երկու անգամ փոխել հետդարձի տոմսը, որովհետև օգնություն ուղարկված բեռները 20 օրից ավելի մնացել էին մաքսատանը։ Վալյա Շտոյանն ասում է՝ հնարավոր բոլոր դռները թակել է, բայց միայն ՊԵԿ պաշտոնյայի աջակցությամբ է կարողացել դրանք հանել մաքսատնից ու հիվանդանոցներ ուղարկել։
Ըստ «Ազատության» զրուցակցի՝ այդպես էլ հստակ պատասխան չստացավ՝ լաբիրինթի մեջ էին հայտնվել համահայկական հիմնադրամի՞, ՊԵԿ-ի, թե՞ փոխվարչապետի գրասենյակի պատճառով։ Ըստ նրա՝ առհասարակ համակարգը խճճված ու շատ դանդաղ է աշխատում:
«Դիմել եմ տարբեր պետական և ոչ պետական գերատեսչություններին խնդիրը լուծելու համար, անկեղծ ասած, հիմա չգիտեմ, թե նորից բեռ ուղարկելու դեպքում արդյոք էս նույն խնդիրների առաջ չենք կանգնի՞», - ասաց Շտոյան:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն «Ազատության» ասաց՝ եթե ուղարկված բեռը հասցեագրված է որևէ գերատեսչության, ապա հենց այդ մարմինն էլ պետք է գնա բեռի հետևից։ Ըստ ՊԵԿ պաշտոնյայի՝ գործընթացը հեշտացվել է, եթե օգնությունն ուղարկողը հրաժարվում է դրանից հօգուտ պետության, ապա առավելագույնը 3 ժամ անց ապրանքը մաքսատնից դուրս է գրվում։ Իսկ այն մարդիկ, որոնք ցանկանում են օգնություն ուղարկված ապրանքն անձամբ տեղ հասցնել, ապա նախքան դրա տեղ հասնելը պետք է փաստաթղթերը ՊԵԿ ներկայացնեն, որպեսզի բեռը որպես բարեգործական որակվի, սա նույնպես արագացված ընթացակարգով է արվում՝ 1-3 օր։
Շուշանիկ Ներսիսյանը տեղյակ է դժգոհություններից, թե արտերկրից ուղարկված օգնությունները կուտակվում են օդանավակայանում. պարզաբանում է՝ օգնությունների մեծ մասն օդային ճանապարհով է գալիս և անցնում «Կարգո» բեռնային համալիր։ Ասում է՝ մինչև քաղաքացին իր բեռի վերաբերյալ փաստաթուղթ չներկայացնի ՊԵԿ-ի մաքսավորները չեն կարող տեղեկանալ, թե այդ պահեստում ի՞նչ բեռ կա:
«Մեր մուտքն է «Կարգո»-ի պահեստ նույնիսկ սահմանափակ, օդանավակայանի պահեստն է, ուղղակի այդ պահեստից ապրանքները որոշակի մաքսային ընթացակարգ անցնելուց հետո կարող են դուրս գալ: Ես նույնիսկ շաբաթը մեկ նախաձեռնում եմ, մենք «Կարգո»-ի հետ համատեղ աշխատում ենք, թե պահեստում ինչ ապրանք կա մնացած, որը մեր կարծիքով իր բնույթով նման է օգնության, և մենք բոլորս ենք կապվում քաղաքացիների ու տնտեսվարողների հետ, խնդրում մոտենան, որպեսզի հասկանանք, թե ինչի է այս ապրանքը դեռ այստեղ մնացած», - նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Իսկ արդյոք հենց առաջնագծի համար օգնություն ուղարկված այս բեռների ապրանքնե՞րն են հայտնվել վաճառքի օնլայն հարթակներում. օրինակ՝ զինվորական զրահաբաճկոններ, քնապարկեր, հեռադիտակներ և այլ պարագաներ։ Սոցիալական ցանցերում ու մամուլում ակտիվ քննարկվող այս թեման հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ այդ տեղեկությունները ստուգելու հանձնարարությամբ՝ Զինվորական դատախազությունից դրանք ուղարկվել են ՊՆ ռազմական ոստիկանություն։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Ուղարկել ենք ստուգման գործողություն իրականացնելու հանձնարարությամբ, որի ընթացքում, եթե ձեռք կբերվեն հանցավոր որոշակի դրսևորումների հատկանիշներ, քրեադատավարական կարգով ընթացակարգ կապահովվի և բավարար հիմքեր ձեռք բերելու դեպքում նաև քրեական գործ կապահովվի: Առայժմ տեղի են ունենալու ստուգողական գործողություններ»:
Վաճառքի օնլայն կայքերից մեկում՝ list.am-ում քիչ չեն զրահաբաճկոնի և զինվորների համար նախատեսված մի շարք ապրանքների վաճառքի հայտարարությունները: Զանգահարեցինք նշված մի քանի հեռախոսահամարներով, բայց միայն մեկից պատասխան ստացանք։ Արթուր Կարապետյան անուն ազգանունով ներկայացող քաղաքացին ասաց, որ վաճառքի հանված զրահաբաճկոնները հենց իրենք կարի արտադրամասում են կարվել:
«Մենք շատ պուժուրիկ կարի արտադրամաս ունենք, որը գտնվում է Հարավարևմտյան թաղամասում, պատերազմի օրերին պահանջարկ կար, կարել ենք, բայց պատերազմն ավարտվեց, հիմա ունեմ ընդամենը 4-5 հատ», - ասաց Կարապետյանը:
«Արծիվ-30» մահապարտների ջոկատի թիկունքի պետ Սամսոն Գրիգորյանը, որը նաև գործարար է ու պատերազմի ողջ ընթացքում սեփական ավտոմեքենայով օգնություն էր հասցնում առաջնագիծ՝ չի բացառում, որ գուցե հենց օգնություն ուղարկված ապրանքներն են հանվել վաճառքի։ Թեև հույս չունի, որ իրավապահներն օբյեկտիվ քննություն կիրականացնեն, այդուհանդերձ խորհուրդ է տալիս՝ թացը չորի հետ չխառնել։ Գրիգորյանի խոսքով՝ ինքն անձամբ է խնդրել տարբեր գործարարների, որ զինվորական պարագաներ պատվիրեն, որպեսզի իրենք դրանք գնեն ու առաջնագիծ հասցնեն:
«Պատերազմի ավարտից հետո նոր դրանք հասան տեղ, մարդիկ ստիպված են հիմա դրանք վաճառել, բայց քանի որ արդեն առաջարկն ավելի շատ է քան պահանջարկը, այսինքն դա ոչ մեկին այլևս հարկավոր չէ, լավագույն դեպքում իրական քանակից 5 տոկոսը թող հարկավոր լինի, ստիպված նրանք պետք է վաճառեն մաքսիմալ էժան, որ գոնե կարողանան իրենց գումարը վերադարձնել: Նման դեպքերն էլ պետք է անպայման հաշվի առնել», - ասաց Գրիգորյանը: