2005-ին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումն ու այսօրվա մտահոգությունները

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պատմական ու նոր շրջանի լուսանկարներ օգտագործելով՝ իր հիմնական կայքում նյութ է հրապարակել Նախիջևանի տարածքում Ջուղայի հայկական գերեզմանոցի բազում խաչքարերի ոչնչացման մասին։

Արխիվային լուսանկարների հաղինակը Արամ Վրույրն է, դրանք առաջին անգամ հրապարակվել էին 1915 թվականին «Քրիստոնեական Արևելք» ամսագրում։

15 տարի առաջ, 2005 թվականի դեկտեմբերի սկզբին Իրանում հայ հոգևորական Նշան Թոփուզյանը շատ մտահոգիչ լուրեր է ստացել իրանցի սահմանապահներից՝ նրանք հայտնել են, որ ջարդարարների մի խումբ է եկել Արաքսի մյուս ափին ընկած Ջուղայի հայկական գերեզմանոց ու ջարդում է խաչքարերը։

Նշան Թոփուզյանը հասել է սահման և կարողացել է նկարահանել հայկական պատմական հուշարձանների ոչնչացման վերջին գործողությունները, որն իր ծավալով ու իրականացման ձևով աննախադեպ էր։ Զինվորական հագուստներով ջոկատը մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր խաչքարեր է ջարդել ու փշուրները լցրել Արաքսը։ Իսպառ ոչնչացվել է հայկական մշակույթի հետքը։

Այն միջնադարում առևտրի աշխույժ քաղաքի՝ Ջուղայի գերեզմանատունն էր։ Քաղաքի հայ բնակիչները տարհանվել են 1605 թվականին, Օսմանյան ու Պարսկական կայսրության միջև պատերազմի ընթացքում։

Չնայած խաչքարերի ոչնչացման փաստագրված բազմաթիվ վավերագրությունների, Ադրբեջանի պաշտոնատար անձինք կամ հերքում էին, թե դրանք գոյություն են ունեցել, կամ ասում, թե գերեզմանոցը հայկական չէր։

Նման կեղծ հայտարարություններ են հնչել անգամ երկրի ղեկավարի կողմից։ 2006 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր․ «Ինչպես գիտեք հայկական որոշ շրջանակներ, հայկական լոբբին ու որոշ ազդեցիկ քաղաքական գործիչներ վերջերս աղմուկ են բարձրացրել Նախիջևանում հայկական գերեզմանաքարերի ենթադրաբար ոչնչացման մասին, դա բացարձակ կեղծ ու զրպարտիչ տեղեկատվություն է, հայերի ևս մեկ հորինվածք»:

Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության մասին շատ է գրել Սիմոն Մաղաքյանը։ Ամերիկացի ուսումնասիրողը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը խստորեն վերահսկվող Նախիջևանում հայկական ժառանգության վերացման ամենամեծ միանգամյա գործողություն էր։

2005 թվականին իրականացված այդ վերջին ու հանդուգն գործողությանը, որը ցնցեց հայերին ու որոշ ադրբեջանցիների, արտաքին աշխարհի մեծ մասի համար մնաց աննկատ։

Ադրբեջանցի մի պատմաբան, ով մեծացել է նախիջևանում, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմել է, որ մանկության տարիներին հաճախ է անցել գերեզմանատան մոտով։

«Ջուլֆայի խաչքարեի ոչնչացումը վիրավորական է ոչ միայն հայերի, այլև Նախիջևանի շատ ադրբեջանցիների համար, նրանք այն համարում էին նաև իրենց պատմության մի մասը։ Դպրոցական խմբերը հաճախ էին ուսումնասիրությունների գնում պատմական այդ վայրը», - ասել է Ադրբեջանցի գիտնականը, խնդրելով չհրապարակել իր անունը։

Շատերն են քննադատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը, երբ 2005 թվականին ոչնչացվում էին Ջուղայի խաչքարերը, նշվում էր՝ դրան հակառակ ՅՈւՆԵՍԿՕ-ն խիստ արձագանքել է 2001 թվականին թալիբների կողմից բուդդայի արձանի ոչնչացմանը, կամ 2015-ին Սիրիայի հինավուրց Պալիմիր քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից պատմական ժառանգության ոչնչացմանն ու թալանին։

Սիմոն Մաղաքյանի կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կաշառված էին նավթով հարուստ Ադրբեջանի, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտության» կողմից։

Կազմակերպված հանցագործություններ ու կոռուպցիոն գործեր հետաքննող լրագրողների իրականացած ուսումնասիրությունը պարզել է, որ Ադրբեջանի հետ կապեր ունեցող ստվերային ընկերությունները 2012-2014 թվականների ընթացում 468 հազար դոլար են վճարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն ժամանակվա գլխավոր տնօրենի ամուսնուն՝ Կալին Միտրևին։ Վերջինս պնդել է, որ վճարումներն օրինական էին խորհրդատվական ծառայությունների դիմաց։

2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից 5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ու կազմակերպության կենտրոնակայանում, Փարիզում, լուսանկարների ցուցահանդես էր բացել, որը կոչվում էր «Ադրբեջան․ հանդուրժողականության երկիր»։ Իսկ 2019-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովն իր տարեկան նիստն անցկացրեց Բաքվում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կապերի բաժնի ղեկավար Մաթյու Գիվելն «Ազատ Եվրոպա/Ազատության» ռադիոկայանի գրավոր հարցմանը ուղիղ չի պատասխանել՝ 2005-ի լռության մեղադրանքներին, երբ ոչնչացվում էին Ջուղայի խաչքարերը։ Նա միայն ասել է, թե ՅՈՒնԵՍԿՕ-ն հանրային ու դիվանագիտական խողովակներով բազմաթիվ անգամ մտահոգություն է հայտնել ամբողջ աշխարհում մշակութային հուշարձանների պահպանման կապակցությամբ։ Նա հերքել է կոռուպցիոն մեղադրանքները, ասելով, թե Ադրբեջանի նվիրատվությունը ընդամենը մի փոքր մասն է ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամների նվիրատվությունների շարքում։

Ջուղայի խաչքարերի իսպառ ոչնչացումն այսօր ասես ուղիղ կապվում է ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանը անցած տարածքներում հայկական եկեղեցիների, մշակութային հուշարձանների ճակատագրերի մտահոգությունների հետ։ Զինվորականների կողմից մշակութային ժառանգության հնարավոր ոչնչացումների վերաբերյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի կապերի բաժանի պետն ասել է, թե ներկայումս կազմակերպությունը աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու իրավիճակն ու պաշտպանելու մշակութային ժառանգությունը տարածաշրջանում։

Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո արված լուսանկարները ցույց են տալիս, որ հայկական գերեզմանոցի վայրում հրաձգարան է ստեղծվել։ Իսկ արբանյակից արված լուսանկարներից երևում է վեց մետրանոց տառերով հավաքված թուրքական հայրենասիրական կարգախոսը՝ «Ամեն ինչ հայրենիքի համար»։ Հսկա տառերը տեղակայվել են այնտեղ, որտեղ ժամանակին Ջուղայի հայկական գերեզմանոցի խաչքարերն էին։