Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր անդրադարձել է Մոսկվայի հասցեին վերջին շրջանում Արևմուտքից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, որ դրանց զգալի մասը վերաբերում է հետխորհրդային տարածքում ծավալվող ճգնաժամերին։
«Վերջին շրջանում մեզ մեղադրում են, թե մենք միջամտում ենք Բելառուսի ներքին գործերին, մեղադրում են նաև, որ մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ ընդդեմ Արևմուտքի», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը նաև ասել է․ - «Պնդումներ են հնչում նաև, որ մենք իբր պայմանավորվել ենք Թուրքիայի հետ [Հարավկովկասյան] տարածաշրջանը բաժան-բաժան անելու մասին՝ միայն թե այնտեղ չամրապնդվեն Արևմուտքի դիրքերը»։
«Այսպիսի տրամաբանություն և հոգեբանություն է այժմ տիրում ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող առաջատար վերլուծաբանների մոտ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։