Փորձագետը կոպիտ սխալ է համարում բարձրագույն կրթության մասին վիճահարույց օրինագծի ներդրումն այս օրերին

Այս պահին միակ հարցը, որ կրթության ոլորտում կարող է հրատապ համարվել, դա ռազմավարության մշակումն է, ասաց Խաչատրյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համոզված է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն այս պահին հրատապ խնդիր չէ, փոխարեն, ասում է, պետք է զբաղվել հետպատերազմյան խնդիրներով։

«Այս պահին միակ հարցը, որ կրթության ոլորտում կարող է հրատապ համարվել, դա ռազմավարության մշակումն է, բայց նույնիսկ դա էլ հրատապ չէ, քանի որ դա անելու համար մեզ անհրաժեշտ է հանգիստ իրավիճակ, ոչ թե՝ լարված։ Դրա համար ճիշտ կլինի, որ նախարարությունը որևէ հրատապ խնդիր դեռ չդնի», - ասաց Խաչատրյանը։

Այս օրինագիծը համարվել էր անհետաձգելի, որպես չզեկուցվող հարց, ընդգրկվել Կառավարության անցած նիստի օրակարգում, ընդունվել առանց քննարկման ու խորհրդարան ուղարկվել։

Օրենքի նախագծում տեղ է գտել մի դրույթ, որն այս օրերին ամենաշատն է քննադատվում։ Ըստ այդ դրույթի, կրթության նախարարն է 5 տարի ժամկետով ռեկտոր ու տնօրեն նշանակում։

Սերոբ Խաչատրյանը, սակայն, վստահ չէ, որ նշանակումները կլինեն օբյեկտիվ։ Իսկ եթե նախարարը անհաջող մեկին ռեկտոր նշանակի՞, եթե ռեկտորն էլ անհաջող դեկանների նշանակի՞, հարց է բարձրացնում Խաչատրյանը։

«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում, ցավոք սրտի, դեռևս գործում է, այսպես կոչված, մտերիմների մշակույթը։ Այսինքն՝ երբ որ մարդն ինչ-որ մեկին ցանկանում է աշխատանքի տեղավորի, առաջին հերթին փնտրում է մտերիմներ, հավատարիմներ, ոչ թե՝ պրոֆեսիոնալներ։ Հետևաբար ես կհասկանայի սա, եթե վստահ լինեի, որ այդ նշանակումները կլինեն շատ օբյեկտիվ, բայց բոլորս էլ գիտենք, որ լինելու են լոյալ՝ սեփական թիմից, նույն կուրսից, նույն խմբից, նույն կուսակցությունից։ Դրա համար ես այնքան էլ չեմ հավատում, որ Հայաստանում սա կարող է աշխատել», - ասաց փորձագետը՝ շարունակելով․ - «Եթե սա արվեր մեկ-երկու տարի առաջ, երբ որ գործող իշխանությունն ուներ բավական հեղինակություն, ինչ-որ ձևով հասկանալի կլիներ։ Բայց այս իրավիճակում, երբ որ երկրում բավական բարդ, ծանր, պայթյունավտանգ իրավիճակ է, բերել ևս մեկ օրինագիծ, որն էլ ավելի է սրում, ստեղծում է քննադատության նոր թիրախ, կարծում եմ, որ կոպիտ սխալ է»։

Կրթության նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ասում է՝ եթե լինեն անառարկելի հիմնավորումներ գուցեև դրույթը վերաձևակերպվի։

«Եթե կգտնենք, որ ընդհանուր սա անհրաժեշտ չէ, միգուցե նաև տեղ չգտնի։ Սա արդեն մասնագետների համապատասխան եզրահանգումների հիման վրա», - ասաց Սուքիասյանը։

Մասնագետներն արդեն մեկ շաբաթ է պահանջում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն անհապաղ հետ կանչել Ազգային ժողովից, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ անել։