Թուրքիան հրաժարվում է գնել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը` լաբորատոր չափանիշներին անհամապատասխանության պատճառով։ Այս մասին, թուրքական և միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Թուրք պաշտոնյան նշել է, որ Sputnik V պատվաստանյութը չի կարողացել արտոնագիր ստանալ Թուրքիայում, ինչի պատճառով էլ այն դուրս է մղվել իրենց հետաքրքրության շրջանակից։
Ռուսաստանում չեն հավատում այս հայտարարություններին։ Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերման գործարքների իրականացմամբ զբաղվող Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Sputnik V-ից հրաժարվելու մասին լուրը հարձակում է մրցակիցների կողմից կամ քաղաքական դրդապատճառներով տարածվող կեղծ տեղեկատվություն։
Ռուսաստանյան Sputnik V պատվաստանյութը, որի ձեռքբերման ցանկության մասին անցած ամիս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ստեղծվել է հաշվված ամիսների ընթացքում։ Դրա արդյունավետությունը կասկածի տակ են դնում բազմաթիվ փորձագետներ՝ այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, պնդելով, որ դեղամիջոցը բավարար չափով չի փորձարկվել, և հայտնի չէ մարդու օրգանիզմի վրա դրա թողած ազդեցությունը:
Անկարայից հնչող հայտարարություններին արձագանքել է ընդհուպ Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը շտապել է վստահեցնել, որ ռուսական պատվաստանյութի փորձարկման արդունքները վկայում են դրա հուսալիության մասին։ «Կարելի է միանշանակ ասել՝ թեստավորման արդյունքները և փորձարկումները խոսում են այն մասին, որ այն շատ արդյունավետ և հուսալի պատվաստանյութ է, որը կարող է և անպայման կխաղա շատ կարևոր դեր համաճարակի դեմ պայքարում»․ - համոզմունք է հայտնել Կրեմլի խոսնակը։
Թուրքիան, մինչդեռ, նախապատվությունը գոնե այս փուլում տվել է Չինական Sinovac ընկերության պատվաստանյութին։ Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի խոսքով` թուրքական կառավարությունն արդեն 50 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է պատվիրել չինական ընկերությունից, որը մատակարարումները կսկսի վաղվանից։
Զուգահեռաբար, Թուրքիան բանակցություններ է վարում նաև պատվաստանյութերի այլ տարբերակներ ձեռք բերելու շուրջ, ինչպես նաև փորձում է ավարտին հասցնել սեփական դեղամիջոցի արտադրությունը, որը դեռևս չի հասել փորձարկումների վերջին փուլին։
Մինչ այդ, Թուրքիայում բախվել են կորոնավիրուսի վարակի երրորդ ալիքին։ Համաճարակը երրորդ անգամ նոր թափով տարածվում է Ստամբուլում, Բուրսայում, Իզմիրում։ 82 միլիոն բնակչություն ունեցող այդ երկրում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 925 հազար մարդ, մահացել՝ 15 հազարը։