Կառավարության նիստի օրակարգում Արարատի մարզպետին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծ կա

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, արխիվ

Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ներառվել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Ռազմիկ Թևոնյանին նշանակելու մասին նախագծեր:

Այսօր ավելի վաղ Գարիկ Սարգսյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միևնույն ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին առաջիկայում կներկայացնեմ մանրամասն հաշվետվություն», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Գարիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ թեև հրաժարական է տալիս մարզպետի պաշտոնից, սակայն շարունակելու է գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում. «Շարունակելու եմ հետևել նաև իմ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և իմ կարողությունների չափով նպաստել մարզի հետագա զարգացմանը»:

Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետ է նշանակվել 2018 թվականի հունիսին: