Ըստ ՔԿ-ի, երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման

Ազգությամբ արաբ 32-ամյա Յուսեֆ ալ Աբեդ Հաջի

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման, «Ազատության»-ը տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով. վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

Սիրիացի վարձկանները մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և ձերբակալվել Արցախի պաշտպանության բանակի կողմից:

«Նրանք մեղադրյալի կարգավիճակում են, կալանավորված են, փոխանակման ենթակա չեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- տեղեկացրեց Ռիմա Եգանյանը:

Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմը, հիշեցնենք, առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը։ Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների հետ վերադարձվեն:

Ավելի վաղ Ադրբեջանի գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր հայտարարել, որ կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։