ՍԴ-ն վարույթ չընդունեց Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմումը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի խորհրդի դիմումը՝ օրենքով նախատեսված ժամկետը չպահպանելու հիմնավորմամբ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Մինչև այս պահը ՍԴ-ը չի հրապարակել ՝ ի՞նչ պատճառաբանությամբ է դիմումը մերժվել։ Դիմումի հիմքում դրվել էր Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը։

«Մերժման հիմքում հենց դրված է խորհրդի կողմից Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 157 հոդվածով սահմանված համապատասխան ժամկետը չպահպանելու հիմնավորումը՝ ոչ թե ՍԴ դիմելու առումով, այլ դրան նախորդող որոշակի ընթացակարգերի համատեքստում» , - նշեց ՍԴ դատավորը։

Շաթիրյանն ասաց՝ ինքը կողմ է եղել, որ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմումն ընդունվի քննության։

«Սահմանադրական դատարանն, Ազգային ժողովի դիմումի հիման վրա պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով գործի քննությունը մերժել է՝ մերժման հիմքում դնելով սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 29 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի այն պահանջը, որ դիմողն իրավասու սուբյեկտ չէ՝ նկատի ունենալով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված համանապատասխան ժամկետը չպահպանելու հանգամանքը։ Ի՞նչ ենք հասկանում համապատասխան ժամկետ ասելով՝ կանոնակարգում նշված է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի նախագահը հրավիրում է ԱԺ խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար՝ այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնելով պատգամավորին։ Հիմա, համաձայն գործի նյութերի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն ԱԺ է ուղարկվել հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում ստացվել է նոյեմբերի 3-ին, ԱԺ խորհրդի նիստը գումարվել է նոյեմբերի 16-ին։ Տվյալ ժամկետը չի պահպանվել, բայց իմ գնահատմամբ, խորհրդի որոշումն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում այն ՍԴ ուղարկելու ժամկետը պահպանված է», - ասաց ՍԴ դատավորը։

Ազգային ժողովի խորհուրդը, հիշեցնենք, Սահմանադրական դատարան է դիմել՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոն ունենալ առևտրային կազմակերպություններում: Բացի այդ, Ազգային ժողովի խորհուրդն իր որոշման նախագծի հիմքում դրել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը։

Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն մեկն է այն կուսակցություններից, որ նոյեմբերի 10-ից ի վեր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ծառուկյանը նաև մեղադրվում է 2017-ին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։

ԲՀԿ-ն սա քաղաքական բռնաճնշում է որակում։ «Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները», - հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։