ԼՀԿ-ն վստահ է՝ «Իմ քայլը» գերիներին վերաբերող նիստն անցկացրեց դռնփակ, որովհետև «ասելիք չուներ»

Ազգային ժողովն այսօր ուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ կոչ անելով հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, անազատության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, ինչպես նաև դադարեցնել հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի ոլորտներում և միջոցներ ձեռնարկել, որ Ադրբեջանը հարգի և պահպանի մարդու իրավունքներին վերաբերող ստանձնած պարտավորությունները։

Ազգային ժողովի կողմից ընդունված ուղերձի նախաձեռնողը «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն էր։

«Այն կթարգմանվի ՄԱԿ-ի բոլոր լեզուներով և կուղարկվի վերոնշյալ բոլոր մարմիններին՝ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միասնական քաղաքական կամք, ինչպես այն արձանագրված է Սահմանադրության մեջ», - ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նիստը, որի ընթացքում ընդունվեց հայտարարությունը, անցկացվեց փակ դռների ետևում, նիստից հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ չեն ստացել իրենց հուզող և գերիներին վերաբերող հարցերի պատասխանները։ Իսկ այսօր ավելի վաղ վեճ ծավալվեց «Լուսավոր Հայաստան»-ի և «Իմ քայլի» պատգամավորների միջև նիստը փակ անցկացնելու «Իմ քայլի» առաջարկի շուրջ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդեց, որ այս թեմայով նիստը չէր կարող բաց անցկացվել, ԼՀԿ-ից՝ հակադարձեցին։

«Համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որպեսզի նրանք շուտափույթ վերադառնան: Նրանց անվտանգությունից և այս գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով «Իմ քայլը» խմբակցություն պատգամավորները գրությամբ դիմել են Ազգային ժողովի նախագահին, որպեսզի քննարկումը տեղի ունենա փակ», - նշեց Մակունցը:

«Մենք գտնում ենք, որ փակ անելն ընդհանրապես անիմաստ է, ինչ ելույթներ, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին, և, հետևաբար, իմ գործընկերներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից: Բնականաբար, բոլոր պատգամավորներն իրենց ելույթներն այնպես կկազմակերպեն, որ որևէ ձևով, որևէ հարցով չի վտանգվի ռազմագերիների խնդիրը, այլ ընդհակառակը՝ Ազգային ժողովի ձայնը կհնչեցվի ի լուր աշխարհի և բոլոր միջազգային կառույցների, որ ռազմագերիներին օր առաջ պետք է վերադարձնել», - նշեց Մարուքյանը:

«Իմ քայլից» Մարիա Կարապետյանը պնդեց՝ փորձ է արվում քաղաքականացնել հարցը. «Եթե իսկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շահագրգռված լիներ դեպի միջազգային դերակատարներ այս ուղերձի միաձայն փոխանցմամբ, ապա պիտի համաձայներ նիստի փակ ֆորմատին, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հաշվարկներով այստեղ, ըստ երևույթին, կորչում էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը, որն Ազգային ժողովում բացվեց սկանդալով: Սա քաղաքական ձեռնարկատիրություն է, վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն»:

Չուշացավ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանի արձագանքը. «Քաղաքացիների վշտի վրա քաղաքական դիվիդենտներ շահարկելու... երկիրը կործանած կառավարությունը, նրանց Ազգային ժողովի ներկայացուցիչները դեռ շարունակում են հոխորտալ, դեռ շարունակում են ինչ-որ անհասկանալի կեցվածք ցուցաբերել, առանց գիտակցելու՝ ուր են բերել երկիրը հասցրել»:

Գորգիսյանի կարծիքով՝ «Իմ քայլը» չհամաձայնվեց գերիների թեմայով նիստը բաց անցկացնել, որ հանրությունը չտեսնի ու չհասկանա, որ իշխող ուժը ասելիք չունի, իսկ կառավարությունը անգործության է մատնված։ «Կարելի է ենթադրել, որ ոչինչ չի արվում և այսօր էլ նիստը փակվեց հիմնականում նրա համար, որ ակնհայտ չդառնա, որ ոչինչ չեն անում: Կառավարության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չեկավ», - նշեց ԼՀԿ-ի պատգամավորը:

Մարիա Կարապետյանը սակայն վստահեցրեց, որ գերիների հարցով կառավարությունում զբաղվում են օր ու գիշեր, իսկ այդ գործընթացի մասին ընդդիմադիրները կարող են տեղեկանալ կառավարությունից, այնպես ինչպես «Իմ քայլի» պատգամավորները։ «Անհնար է հրապարակային գերիների վերադարձի շուրջ տարվող աշխատանքի մասին խոսել», - պնդեց պատգամավորը։

«Նման պնդում անելուց առաջ ընդդիմությունը նախ պետք է փորձի բոլոր շահագրգռված նախարարների, փոխնախարարների, կառույցների հետ հանդիպումներ անի, փորձի ստանալ այդ տեղեկությունը՝ ոչ հրապարակային նիստի միջոցով, հետո նոր դատողություններ անի գործընթացների արդյունավետության համար: Ընդ որում՝ մեր ընդդիմադիր գործընկերները ևս ընդունեցին առնվազն մեկ փաստ, որ ընդհանուր թիվը գերիների պաշտոնատար անձի կողմից հրապարակելը խնդրահարույց կարող է լինել: Իրենք էլ են հասկանում, որ հարցեր կան, որոնք հնարավոր չէ բաց նիստում հնչեցնել և քննարկել», - ընդգծեց Կարապետյանը: