Ադրբեջանցի գեներալի ու Արավուսի գյուղապետի բանակցություններն արդյունք չեն տվել

Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը սիրողական տեսախցիկով նկարած տեսանյութում պատմում է, թե ինչպես չհաջողվեց պահել գյուղի պահուստային հողերը։ Կադրերում նա Սյունիքի մարզի Արավուս գյուղի կամավորականների հետ է՝ Բաքվից Արավուսի սահման եկած Իլգար անունով գեներալի հետ բանակցություններից հետո: Հողերը պահել չի ստացվել, ասում է գյուղապետը:

«Բաքվից գեներալները եկել են, ասում են մինչև ժամը 12-ը ժամանակ, էս հողը չազատեցիր՝ անօդաչու սարքով ձեզ վառելու եմ», - ներկայացնում է Հովսեփյանը:

Նահանջը երեկ էր՝ կամավորականները լքեցին Թորոսի բլուրը և նահանջեցին ևս 800 մետր։ «Բլուրը մերը չէր, բայց դրանից այս կողմ 52 հեկտարը մերն էր», - ասում է գյուղապետը՝ նշելով՝ Արավուսի պահուստային ու սեփականաշնորհված հողերն են:

Եռակողմ հայտարարությունից հետո Արավուսը դարձավ սահմանապահ գյուղ, մինչև այդ բերձորցիների հարևաններն էին: Գյուղապետն ասում է՝ խախտելու է այդ զինադադարի հայտարարությունը՝ հանուն արդարության: Հովսեփյանի գլխավոր հարցը՝ համաձայնագրի առաջին կետում է նշվում՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, Արավուսի պահուստային հողերն ինչո՞ւ են վերցնում։ Ադրբեջանին զիջած բոլոր հողերի փաստաթղթերն ունի:

«Վկայականները մոտս են, թող Կադաստրից գան, ով ուզում է գա, սեփականաշնորհված վկայականները մեր մոտ ա», - ասաց Արգամ Հովսեփյանը:

Միայն թե Կադաստրից ոչ ոք սահմանանշման այս աշխատանքներին չի մասնակցել, Արգամ Հովսեփյանի պնդմամբ՝ ինքն էր, կորպուսի հրամանատարն ու Բաքվի գեներալը, վերջինիս հետ բանակցել է մաքուր ադրբեջաներենով, ոչ մի հաջողություն, հույս ունի Երևանի Կադաստրից մասնագետներ կգան: «Անպայման, պիտի գան, ես ի՞նչ իմանամ՝ գալու են չեն գալու, բայց պիտի գան», - նշեց նա:

Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնը գեոդեզիայի ու քարտեզագրության լուծարված ընկերության փոխարինողն է։ Այստեղից մեզ փոխանցեցին՝ մասնագիտական խմբերն աշխատում են Կադաստրի կոմիտեին ուղղված համապատասխան հանձնարարականների շրջանակում. «Բնականաբար, չենք կարող մանրամասնել կատարվող աշխատանքների բնույթը՝ գաղտնիությունից ելնելով»:

Շահեն Շահինյանը գեոդեզիայի քարտեզագրության արդեն լուծարված ընկերության գիտատեխնիկական բաժնի պետն էր, այժմ էլ էլեկտրոնային քարտեզների հեղինակն է։ Հայաստանի նոր սահմանները գծվում են առանց մասնագետների, ասում է նա:

«Պարտադիր այդ աշխատանքներին պետք է մասնակցեն գեոդեզիստներ, քարտեզագիրներ, իրավունքի մասնագետներ, այդ թվում նաև կարող են մեծ օգուտ բերել հողաշինարարները և սահմանազատման աշխատանքների փորձ ունեցող մասնագետները», - ընդգծեց Շահինյանը:

Գեոդեզիայի քարտեզագրության արդեն լուծարված ընկերության գիտատեխնիկական բաժնի պետն ասում է՝ Կադաստրի կոմիտեն պետք է հայտարարությունից անմիջապես հետո առաջարկներ ներկայացներ՝ ինչն ինչպես անելու վերաբերյալ, կառավարությունում ու սահմանային գյուղերում GPS-ից են խոսում, բայց հասկացողներն այլ կառույցում են. «Ծրագիր պետք է գնա կառավարություն, որ մենք ունենք քայլեր, որ պետք է շտապ իրականացնենք»:

Ինքն իր մասնագիտական օգնությունն առաջարկել է կառավարությանը, վարչապետին ուղղված նամակով, ստացել պատասխան Կադաստրի կոմիտեից. «Աշխատանքներն իրականացվում են ըստ հավուր պատշաճի, ժամանակին և համապատասխան գործընթացներին: Բայց որո՞նք են դրանք»:

Ի դեպ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը Արավուսի գյուղապետի ահազանգից հետո ասել էր, որ Հայաստանի պետական սահմանից անգամ մեկ մետր հող չի զիջվել, Լաչինի վարչական տարածքում են որոշակի բնագծեր նահանջել: Այսօր փոխմարզպետը բոլոր զանգերն անպատասխան թողեց։ Իսկ գյուղապետ Հովսեփյանը աննահանջ է՝ դեռ հույս ունի, որ երեկ զիջած հողերը կարող է վերադարձնել վաղը:

Արավուսում ընդամենը 40 ընտանիք է ապրում՝ շրջակայքում ադրբեջանական 9 դիրք կա, երկուսում ամրացել են երեկ։