Նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

Հայաստանի նախագահը նամակում նշել է, որ կողմերի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, հաշվի առնելով հարցի «բացառիկ կարևորությունն ու արդիականությունը, խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները»:

Համաձայն հաղորդագրության, Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը: