Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է օլիմպիական բոլոր միջոցառումներից հեռացնել Բելառուսի պատվիրակության ղեկավարությանը, որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՄՕԿ-ը միաժամանակ նշում է, որ սահմանափակումը ժամանակավոր բնույթ ունի և կարող է վերանայվել կախված իրավիճակի փոփոխությունից։ Սառեցվել է նաև ՄՕԿ-ի կողմից Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորումը։
Ավելի վաղ ՄՕԿ-ը սկսել էր հետաքննել բելառուսցի մարզիկներին քաղաքական դրդապատճառներով հետապնդելու իշխանությունների գործողությունները։
Անցած օգոստոսին Բելառուսի ավելի քան 1,5 հազար մարզիկներ բաց նամակ էին ստորագրել՝ պահանջելով անցկացնել ազատ և արդար նոր ընտրություններ ու դադարեցնել բռնությունները ցուցարարների հանդեպ։ Դրանից հետո մի շարք մարզիկներ ենթարկվել են հետապնդումների։
Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո բողոքի զանգվածային ցույցերը չեն դադարում։