Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցը ԱԺ-ն կքննարկի փակ նիստում

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու թեմայով քննարկումն այսօր Ազգային ժողովում անցկացվելու է փակ նիստում։ Քննարկման փակ ձևաչափի մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան նիստի ընթացքում։

Ըստ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ անհրաժեշտ է քննարկումը անցկացնել փակ. «Քանի որ թեման շատ զգայուն է և առնչվում է մեր ռազմագերիներին և նրանց ընտանիքներին, ու քանի որ օր առաջ կառավարությունը և համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որպեսզի նրանք շուտափույթ վերադառնան, նրանց անվտանգությունից և այս գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են Ազգային ժողովի նախագահին, որպեսզի քննարկումը տեղի ունենա փակ»:

Քննարկումը նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ «Իմ քայլը» փորձել է տապալել այս քննարկումը։

«Երեկ «Իմ քայլը» դաշինքի Ազգային ժողովի խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի այսօրվա քննարկումը ԱԺ խորհրդի նիստում, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել, պարտադիր պետք է հարցը քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել հարցը, որովհետև չեն ուզեցել, որ մենք ելույթներ ունենանք այս թեմայով, երբ որ հասկացել են, որ անհնար է տապալել այս հարցը, այն պարտադիր պետք է քննարկվի, որոշում է ընդունվել փակ անել քննարկումը: Մենք գտնում ենք, որ փակ անելն ընդհանրապես անիմաստ է, ինչ ելույթներ, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին, և, հետևաբար, իմ գործընկերներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից», - նշեց Մարուքյանը:

«Իմ քայլից» հակադարձեցին՝ եթե տապալելու ցանկություն ունենային, երեկ մինչև կեսգիշեր «Լուսավոր Հայաստան»-ի, արդարադատության փոխնախարարի և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ չէին քննարկի միջազգային կառույցներին ուղղված հայտարարության տեքստը, ասաց պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Եթե իսկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շահագրգռված լիներ դեպի միջազգային դերակատարներ այս ուղերձի միաձայն փոխանցմամբ, ապա պիտի համաձայներ նիստի փակ ֆորմատին, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հաշվարկներով այստեղ, ըստ երևույթին, կորչում էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը, որն Ազգային ժողովում բացվեց սկանդալով: Սա քաղաքական ձեռնարկատիրություն է, վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն», - ասաց Կարապետյանը:

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը հակադարձեց «Իմ քայլի» պատգամավորներին. «Հիմա փակելով այս ամեն ինչը,դուք հերթական անգամ փորձում եք ուղղակի վախեցնել մեր քաղաքացիներին, նույն միֆերն եք տարածում, թե բա մենք մարդկանց կյանքերի համար ենք մտածում, մյուսները չեն մտածում: Հարգելիներս, հերիք է խաբեք մեր քաղաքացիներին, հերիք է վախեցնեք մեր քաղաքացիներին ձեր ստերով»:

Ի վերջո Ազգային ժողովը կողմ քվեարկեց նիստը փակ անցկացնելու որոշմանը, թեև «Լուսավոր Հայաստանը» դեմ էր: