«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապշտապ ուղարկվել է Ազգային ժողով, առաջին տրամաբանական հարցը՝ ինչո՞ւ այդպես և ինչո՞ւ այդ եղանակով, «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի Պետհամալսարանի հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը։
Օրինագիծը համարվել է անհետաձգելի, որպես չզեկուցվող հարց ընդգրկվել Կառավարության անցած նիստի օրակարգում, ընդունվել առանց քննարկման ու խորհրդարան ուղարկվել։ Շատ դասախոսների ապշեցնում է այս շտապողականությունը. հազարավոր քաղաքացիներ անտուն են, գերիների, անհետ կորածների ու սահմանի հարցերը՝ դեռ չլուծված, ինչո՞ւ է այդ նախագիծն այդքան առաջնային։
«Մենք այսօր ունենք ռազմական դրությամբ պայմանավորված այնպիսի կարևորության այդ խնդիրը, որ դա պետք է այդ ռեժիմո՞վ ուղարկվեր», - շեշտեց Արշալույս Գալստյանը։ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտն ասում է՝ իրենք այս նախագծի վերաբերյալ բազմաթիվ դիտողություններ են արել, սակայն դրանցից ոչ մեկը հեղինակները հաշվի չեն առնել։ Բուհերն ահազանգում են՝ այս նախագիծը վտանգի տակ է դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների կարևորությունը, գիտության կառավարումը։
«Ոչ մի տրամաբանություն չկա՝ ինչու պիտի հայոց լեզու և գրականություն առարկան Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվի, ասենք՝ անգլերենի կամ ռուսերենի կողքին դիմորդի համար դրվի որպես կամընտրական։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու, ենթադրենք միջազգային հարաբերություններում կամ տնտեսագիտականում պիտի պարտադիր սահմանվի նորմ, որ մաթեմատիկա կամ հայոց պատմությունը պարտադիր հանձնում է դիմորդը, իսկ այ օտար լեզու և հայոց երկու առարկաներից պիտի ընտրի մեկը։ Կա՞ որևէ հստակ բացատրություն սրա համար», - նշեց Գալստյանը՝ շարունակելով․ - «Մեր մոտեցումը հետևյալն է՝ պետք է Հայաստանի Հանրապետությունում հայագիտական առարկաները լինեն պետության հոգածության տակ»։
Օրենքի նախագծում տեղ է գտել մի դրույթ, որն այս օրերին ամենաշատն է քննարկվում. ըստ դրա՝ կրթության նախարարն է 5 տարի ժամկետով ռեկտոր ու տնօրեն նշանակում։
«Այս քայլով ցանկություն կա քաղաքական վերահսկողության տակ վերցնել բուհերը։ Բուհերում կսկսվի քաղաքական շատ ավելի լուրջ բախումներ, բոյկոտներ, հացադուլ, դասադուլ, ամեն ինչ կարող է այնտեղ լինել, անկանխատեսելի պրոցես կարող է սկսվել, ինչը լավ կլինի, որպեսզի մեր Կառավարությունը չփորձի անել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանը։ Նրա գնահատականը ևս կոշտ է՝ սրանով կմարի Հայաստանում ակադեմիական ազատություն, ինքնավարություն ունենալու հույսը. - «Սա լինելու է ուժեղ գործիք, որը կօգտագործվի մոտակա հինգ տարիների ընթացքում, իսկ այդ ժամանակում աշխարհում կրթությունը, գիտությունը շատ ավելի առաջ կգնան, և մենք էլ ավելի հետ կընկնենք։ Ինձ թվում է՝ մենք շատ սխալ ուղղությամբ ենք գնում,այդ եվրոպական դրամաշնորհների միջոցով լավ ցանկությամբ իրականում անում ենք անպտուղ աշխատանք, մինչդեռ մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք հիմնարար խնդիրները, որոնցից առաջինը ֆինանսավորումն է, կադրերի արտահոսքը՝ էդ խնդիրները հասկանանք ու մտածենք՝ դրա՞նք ոնց լուծենք»։
Նախագիծը քննադատել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը չի բացառել՝ եթե Ազգային ժողովն այս նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունի, ապա կդիմի Սահմանադրական դատարան։
Մասնագետները այս նախագծում այլ խնդրահարույց կետեր էլ են առանձնացնում՝ ռոտացիոն սկզբունքի, հանրային և մասնավոր բուհերի միջև խտրականության և այլ հարցեր։ Նախագծով, օրինակ, սահմանափակվում է ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։
«Ուսանողները մասնակցության լիարժեք հնարավորություն բուհի կառավարմանը այլևս ըստ էության չեն ունենում, որովհետև եթե այսօր նրանք բուհի կառավարման խորհրդում ունեն 25 տոկոս մասնակցություն, և ուսանողների այդ թվաքանակը որոշկիորեն կարողանում է բարձրաձայնել համայնքին հուզող խնդիրները, նոր նախագծով, եթե ես չեմ սխալվում, 12 անդամներից մեկն է լինելու, և նույնիսկ տոկոսային հարաբերությամբ այն բնավ չի մոտենում նախորդին», - նշեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը։
Մասնագետները պահանջում են անհապաղ հետ կանչել այս նախագիծը Ազգային ժողովից, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ անել։
Կրթության նորանշանակ նախարարը օրերս հանդիպել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը, ասել՝ իդեալական օրենք գոյություն չունի, և ինքը նույնպես որոշ վերապահումներ ունի, բայց դրանք, ինչպես նաև ներկայացված մի շարք առաջարկությունները կքննարկվեն Ազգային ժողովում: Այլ մեկնաբանություն նախարարությունից «Ազատությանը» չտվեցին։