Պատերազմից դառնացած երկու ճակատագրեր Վանաձորում միավորվեցին։ 55-ամյա Հայկազ Հակոբյանն ու Ռուզաննա Թադևոսյանը Ղարաբաղից հարկադրաբար հեռանալուց հետո ապաստանել են Վանաձորի նախկին մանկատան շենքում։ Ասում են՝ սրտից արյուն էր կաթում։
Հայկազը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում ադրբեջանցիներին էր թողել 11 տարվա տուն-տեղը, այգին ու ունեցվածքը։ Եկել, ապրում էր անհայտ ճակատագրով։
«Չի լինի հաշտվել, միշտ էլ պիտի մեր հիշողությունում լինի դա, ոնց կարաս մոռանաս, էնքան բան ենք տեսել, արդեն էլ մոռանա՞լ կլինի: Իմ սիրտը էլ չի կարար կյանքում լավ բան խոսա», - ասաց Հայկազ Հակոբյանը:
Հարևան սենյակում իր հետագա անելիքն էր մտմտում Ռուզաննան, որ երկու տարի առաջ հաստատվել էր Ստեփանակերտում, գործ ու անելիք գտել, հասցրել մինչև հոգու խորքը սիրել Ղարաբաղը. «Ավելի շատ եմ ափսոսում, քան թե մի քանի տարի առաջ Երևանից դուրս գնացինք»:
Մինչև այսօր ականջների մեջ լսվում են պատերազմի ձայները։ «Շատ մոտ էր, սարսափելի ձայն էր, անհասկանալի բան էր: Սկզբից տպավորություն էր՝ ոնց որ երկրաշարժ է սկսվում, տնից դուրս թռանք, տան տերն էլ էր մեր տան մեջ ապրում՝ իրանք վերևում էին, մենք ներքևում էինք, ասացի՝ էս ի՞նչ է կատարվում, ասաց՝ թուրքերը, Ռուզան: Հետո էդ 5 րոպեն մեկ ազդանշանները, արդեն եկել էի այստեղ մի որոշ ժամանակ անցել էր, ականջներից մեջ էր ազդանշանը.... մի 10 օր այնտեղ մնացինք պատերազմի ժամանակ, հույս ունեինք, որ կանցնի, կդադարի, բայց ավելի վատ էր ու ավելի վատ», - պատմեց Ռուզաննա Թադևոսյանը:
Վանաձորում ապաստան գտած կինն ու տղամարդը իրար տեսան, հավանեցին ու որոշեցին լցնել միայնությունը։
«Հուզմունքը աննկարագրելի է, անհամեմատելի է, էն ժամանակ ջահել էի, ուրիշ տեսակ էի ամեն ինչին նայում, հիմա լրիվ ուրիշ բան է: Երբ հասունանում ես, արդեն ուրիշ կերպ ես մտածում, ավելի շատ ես գնահատում էդ ամեն ինչը, էդ կյանքի պահերը, մանավանդ հիմա չգիտես՝ հիմա կաս, հինգ րոպե հետո ինչ կլինի», - նշեց Թադևոսյանը:
Կացարանի տնօրենը՝ Լիլյա Աբրահամյանը բազմաթիվ աջակիցների հետ իսկական տոն էր դարձրել նրանց ամուսնությունը։ Դեռ չգիտեն՝ որտեղ կշարունակեն իրենց համատեղ կյանքը, բայց ժամանակավոր կացարան դարձած մանկատան նախկին շենքում խոստացան սիրել ու նվիրվել միմյանց։