Այվազյանը Մոսկվայում է, որտեղ այսօր կհանդիպի Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաքում է: Այսօր Արա Այվազյանը կհանդիպի իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Սա Հայաստանի նոր արտգործնախարարի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը կլինի Լավրովի հետ: Նրանց նախորդ բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 21-ին` Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երևան այցի ընթացքում:

Ակնկալվում է, որ այսօր երկու երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ կապերի ողջ շրջանակը: Բանակցությունների առանցքային թեման, այդուհանդերձ, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտներն են, փոխանցել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: