Ազգային ժողովի ընդդիմադիրները համակարծիք են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ, թե ո՞վ պետք է դառնա նոր վարչապետն, այս պահին տարաձայնություն ունեն։
«Վարչապետի օր ավել մնալը վնաս է մեր երկրին, պետականությանն, ինքնիշխանությանը», - ասում է «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը։
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ նշում է․ - «Ասում ենք՝ «եղբայր, դու գնա՛», եղբայր էլ չասեմ, «գնա՛ դու, մենք սկսենք վերականգնվել»։
«Բարգավաճ Հայաստան»-ը 16 կուսակցությունների հետ այդ պաշտոնում նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին է տեսնում, «Լուսավոր Հայաստան»-ն իր ղեկավարին՝ Էդմոն Մարուքյանին։
Եթե գործողը հրաժարական է տալիս, կամ խորհրդարանը նրան անվստահություն է հայտնում, նոր վարչապետին ընտրում է Ազգային ժողովը։ Փաշինյանն ասել է՝ իր օրակարգում պաշտոնանկության հարց չկա։
Երբ ռազմական դրությունը չեղարկվի, ընդդիմադիրները կարող են նախաձեռնել գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը միասին 41 ձայն ունեն, եթե նրանց ևս երեք պատգամավոր միանա, կարող են ներկայացնել իմփիչմենտի նախագիծ։ Բայց կա մի նրբություն. միանգամից պետք է առաջարկեն նաև նոր վարչապետի թեկնածություն։
Եթե Լուսավորն իր ղեկավարին է վարչապետի պաշտոնում պատկերացնում, ինչո՞ւ 17-ի թեկնածուն էլ ԲՀԿ նախագահը չդարձավ։ «Քանի որ անցումային փուլի վարչապետի մասին է խոսքը, մինչև մեկ տարի, դա նշանակում է, որ պետք է լինի նեյտրալ մարդ։ Հարցադրումը կոնսենսուսի կայանում է նրանում, որ լինի այնպիսի անձնավորություն ժամանակավոր կառավարության ղեկավար, որը չի հավակնելու, իսկ Բարգավաճը՝ Ծառուկյանի գլխավորությամբ, հավակնելու է մասնակցել ընտրություններին։ Նաև դա է եղել խնդիրը, որ նա չի եղել թեկնածու», - պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Լուսավորից Գևորգ Գորգիսյանն ասում է՝ Վազգեն Մանուկյանի թեկնածությունն իրենց հետ չի քննարկվել, 17-ի որոշման մասին պոստֆակտում են իմացել։
«Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է ուրիշի թեկնածուն լինի մեր թեկնածուն։ Մենք կարող էինք, իհարկե, նստել մի սեղանի շուրջ, քննարկել, միասին որոշում կայացնել, բայց դա տեղի չի ունեցել։ Ամենամեծ խնդիրը, որ ես տեսնում եմ՝ քաղաքական հենարանը ես չեմ հասկանում Վազգեն Մանուկյանի, ես չեմ հասկանում՝ ո՞վ է քաղաքական պատասխանատուն լինելու նրա գործողությունների», - ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ այսօր իրենց որոշումը փոխելու որևէ պատճառ չի տեսնում։
Վարչապետի անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է առնվազն 67 պատգամավորի կողմ ձայն։ Այդ դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է տվել և ընտրվել է՝ նորը, նախաձեռնողների թեկնածուն։
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի խոսքով՝ ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանի ինփիչմենտի գործընթացին, միաժամանակ նաև իրեն թեկնածուի ընտրությանը, կմիանան իշխող խմբակցության պատգամավորները։
«Զարթնեցինք տեսանք, որ երկիր չկա։ Ամեն մի քաղաքական մեծամասնության պատգամավոր, որը որ մնում է այդ թիմում, էս պահին նշանակում է, որ ինքը կիսում է Նիկոլ Փաշինյանի արածի քաղաքական պատասխանատվությունը», - ասաց Մելքումյանը։
88-ից պատերազմից հետո 85 հոգանոց դարձած «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հարցազրույցներ չի տալիս, ինչպես իշխանական պատգամավորների մեծամասնությունը։ Համաձայնեցին Կարեն Սարուխանյանն ու Վիկտոր Ենգիբարյանը։ Պնդում էին՝ խմբակցությունից դուրս գալու մտադրություն չունեն, Վազգեն Մանուկյանին ընտրելու՝ նույնպես։
«Իրական բանակցությունները հենց այս պահին էլ ընթանում են, և գործընթացներն այնքան զգայուն են, որ ներքաղաքական վայրիվերումները կարող են խանգարել այդ գործընթացներին», - ասաց Վիկտոր Ենգիբարյանը։
Կարեն Սարուխանյանն էլ նշեց․ - «Իմ ձեռքը կկոտրվի, բայց Վազգեն Մանուկյանին չեմ քվեարկի։ Այս պահին երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ով լիարժեք վայելում է քաղաքացիների լեգիտիմությունը։ Դրա վառ օրինակն այսօր հավաքված քաղաքացիների քանակն է»։
Իշխանական պատգամավորների պնդումներին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հակադարձում է՝ հանրային ճնշումը ձնագնդի նման մեծանալու է․ - «Էդ գործընթավը ռազ-դվա չի, ոնց որ ասեցի, մարդիկ վշտի մեջ են, մարդկանց ուղեղում արդեն դա կա, բոլորը խոսում են։ Էդ գործընթացը լինելու է, թե քանի օր կտևի՝ երկու օր, վեց օր, թե 18 օր ինքը գործընթաց ա»։
Այս պահին 6 պատգամավոր որևէ խմբակցությունում ընդգրկված չէ։ Եթե Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսի, նրանց ձայներն անկասկած անհրաժեշտ կլինեն ընդդիմադիրներին։
Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո իշխանական «Իմ քայլ»-ից դուրս եկած Թագուհի Թովմասյանը չի պատկերացնում, որ ընդդիմադիրները միանան ու վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնեն։ Նա ասում է, որ այս պահին պառակտվածություն է տեսնում։ Բայց եթե, այնուամենայնիվ, հաջողեն ու նոր վարչապետի թեկնածուն էլ լինի Վազգեն Մանուկյանն, ինքն ի՞նչ դիրքորոշում կունենա, Թովմասյանը պատասխանեց՝ ինքը շատ հարցեր ունի Մանուկյանին, կկողմնորոշվի դրանց պատասխանները ստանալուց հետո։
«Ինքը եղել է ընդդիմադիր դաշտում ու մենք այսօր, ըստ էության, կարող ենք բախվել այն նույն իրավիճակին, ինչի մեջ հիմա մեղադրում են Նիկոլ Փաշինյանին։ Ասում են, որ «դու՝ չունենալով, ըստ էության, պետական կառավարման փորձ, ձախողեցիր պետական կառավարումը»։ Հիմա նույն բանը կստացվի Վազգեն Մանուկյանի դեպքում, որովհետև իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում այնուամենայիվ բազմաթիվ հարցեր առաջացել են, 30 տարի անց նա ստիպված է լինելու պարզաբանել», - ասաց Թովմասյանը։
Ոչ մի խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանը կողմ է նոր ընտրություններին, դեմ՝ խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Ես սա հավասարապես համարում եմ հեղաշրջման փորձ, հեղաշրջում, եթե այդպիսի բան տեղի ուենան, որովհետև այս համամասնությամբ Ազգային ժողովը չունի մանդատ Վազգեն Մանուկյանին, կամ մեկ այլ գործչի վարչապետի պաշտոնում ընտրելու համար։Ազգային ժողովում այսօր այն ուժերն են, որոնք այսպես կամ այնպես աջակցել են 2018-ի հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանին, հետևաբար մենք հասկանում ենք, որ կա ճգնաժամ և Նիկոլ Փաշինյանը պիտի գնա նոր ընտրությունների», - ասաց Բաբաջանյանը: