Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության պատճառն այն է, որ նախորդ 25 տարիներին երկիրը եղել է կոռումպացված պետություն, ուր էլիտայի ամենաազդեցիկ մասը անձնական հարստություն է կուտակել՝ մսխելով պետության դիմակայության ռեսուրսը՝ այսօր ուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով իր գլխավորած իշխանության հասցեին պատերազմի ավարտից հնչող քննադատությանը, թե Հայաստանը պարտվեց, որովհետև բանակը պատրաստ չէր պատերազմին, իսկ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն էլ ձախողեց դիվանագիտության ասպարեզում։
«Իսկ գլոբալ առումով, ի վերջո, ուժ չենք ունենալո՞ւ խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանը առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն: Որտեղ՝ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը, ու պետության դիմակայունության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել է շվեյցարական բանկեր:
Ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել: Դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, եւ այդ համակարգը ամեն օր դիմադրել է ու դիմադրում է: Ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային: Ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլյացիաների մակարդակում: Իմիջիայլոց, այդպիսի վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակը իրականում կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, այդ էմոցիաների տակ։ Ինչո՞ւ։ Որ շատ բաներ, որ շատ ճշմարտություններ չբացահայտվեն», - նշեց վարչապետը:
Երեկ՝ իր անվան հետ կապվող «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ, այսպես կոչված, ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին և որ հնարավոր էր խուսափել պատերազմից։
«Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար», - նշել է երկրորդ նախագահը:
Ըստ Քոչարյանի, Փաշինյանը ղարաբաղյան բանակցությունների գործընթացը գիտակցաբար մտցրեց փակուղի և լեգիտիմացրեց Ադրբեջանի ագրեսիան՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստա՛ն է և վե՛րջ», ու նման կերպ ղարաբաղյան խնդիրը ազգերի ինքնորոշման իրավունքի դաշտից տեղափոխելով պետությունների տարածքային ամբողջականության վերականգնման տիրույթ։ Այդ էր պատճառը, ըստ Քոչարյանի, որ որևէ պետություն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի հարձակումը, որովհետև այն դիտվեց որպես տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված քայլ։
«Այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է, ինքը սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից, իսկ սեփական կետն այն է, ինչի մասին ես ասացի: Հաջորդը՝ Տավուշում հրահրած սահմանային կոնֆլիկտը, մեր կողմից հրահրած: Երբ որ Գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չի պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, քան ոչ պատերազմի հրահրում: Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչի՞ ես դիմել այդ քայլին», - ասել է Քոչարյանը:
Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հայտնի թեզը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», հարկադրեց Ադրբեջանին շատ ավելի ներգրավել Թուրքիային՝ իր անվտանգության ապահովման համար, և հետևանքը ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Փաստորեն, արձագանքելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, թե այն մարդը, ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեղադրանք է հնչեցնում, որ ղարաբաղյան հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։
«Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն: Եւ այդ փաստը, ուշադրություն դարձրեք, տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ:
Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր՝ փաստաթղթավորված, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան, կներեք հազար անգամ, եւ փակում դուռը, գրվում է օքուփայդ, էնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա», - ընդգծեց վարչապետը:
Միջազգային հանրության վերաբերմունքը ձևավորվել է վերջին 25 տարիների ընթացքում, որ ղարաբաղյան հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ և Հայաստանը սկսեց աստիճանաբար ընկալվել որպես օկուպանտ, իսկ վերջին երկու տարիներին փորձ է եղել դուրս գալ «այդ կախարդական շրջանից», շարունակեց Փաշինյանը։
«Դիվանագիտական հաջողությունը 2016 թվականի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ, ըստ էության, օրակարգից ընդհանրապես հանվեց Արցախի կարգավիճակի հարցը: Բա լավ, մենք վատ հարաբերություններ ենք կառուցել Ռուսաստանի հետ, ինչպես պնդում եք, դուք՝ լավ: Եթե էդքան լավ հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացված առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից:
Բա դուք լավ դիվանագետ էիք, էդ ինչպե՞ս եղավ, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց: Որովհետեւ դուք գնացիք եւ խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր: Այսինքն՝ ընդունեցիք պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը, լեգիտիմացրիք այդ իրավունքը։
Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
«Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել։ Է..., խուսափող էիք, 2016-ին խուսափեիք պատերազմից», - ասաց Փաշինյանը։
«Չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա:
Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց։ Որովհետեւ մեզ ասվում էր. քանի որ նախկինում Հայաստանը արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքները ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը եւ կոնկրետ ժամկետների նշումով:
Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով: Նկատի ունեմ՝ նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին: Եւ, ի դեպ, պատերազմի հենց առաջին օրը Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը: Ու ասել եմ ինչ գնով: Բա էն ժամանակ ինչո՞ւ հայտարարություններ չէիք անում, թե համաձայն եք սկզբունքին, թե պետք է կանգնեցնել պատերազմը:
Հիմա, ի դեպ, պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին: Կողմնակից էիք՝ հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է», - ընդգծեց վարչապետը: