Դեսպան Թրեյսին Ավինյանին է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ

Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպման ժամանակ։

Այս համատեքստում Ավինյանը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի աջակցությունը և դրա հետագա ընդլայնումը:

Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։

Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերի քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգները օգտակար լինել այս ջանքերում, ասված է Հայաստանի փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։

Փոխվարչապետը նշել է նաև, որ Կառավարությունը մտադրված է է՛լ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող հարցեր:

Լին Թրեյսին ասել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի փոխադարձ բարեկեցության առավել մեծ հնարավորություններ։