Այվազյանն ու Թաթոյանը հանդիպել են դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Հայաստանի արտգործնախարարությունում երեկ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն, ըստ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի, դեսպաններին իրազեկելն էր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի գնահատականների և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

«Հարավային Կովկասում գործի են դրվել ուժերի հավասարակշռությունը փոխելու նույն միջոցները, որոնք նախկինում և այժմ նույնպես օգտագործվել են Մերձավոր Արևելքում, այն է՝ ահաբեկիչների բանակի կազմակերպում և դրանց ներմուծում հակամարտության գոտի, սպառազինությունների ապօրինի փոխադրում, պատերազմներին արժեքային բովանդակության հաղորդում: Ելնելով վերոնշյալից՝ ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը, ցավոք, անխուսափելի էր, քանի որ մեծապես հրահրված և կազմակերպված էր արտատարածաշրջանային ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից: Եվ այս փուլում մենք կարող ենք արձանագրել, որ Թուրքիային հաջողվեց ապակայունացնել իրեն սահմանակցող ևս մեկ տարածաշրջան՝ ի դեմս Հարավային Կովկասի», - ասել է Ավազյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությանը հրադադարի հաստատման գործում, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքին՝ արտգործնախարարը նշել է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և համանախագահ երկրները կոչված էին ոչ միայն հակամարտության կարգավորման մանդատով, այլև տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմամբ: Այս տեսակետից բացառիկ դերակատարում ունեցավ ՌԴ-ն, որին հաջողվեց հասնել հրադադարի հաստատման և հակամարտության գոտի խաղաղապահների տեղակայման: Մենք երախատապարտ ենք նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որոնք նույնպես դիվանագիտական ջանքեր գործադրեցին հրադադարի հաստատման ուղղությամբ և հանդես եկան իրավիճակի վերաբերյալ արդարացի գնահատականներով: Կարևոր է նաև մի շարք այլ երկրների կողմից խաղաղությանն աջակցության ցուցաբերումը, որն արտահայտվում է նաև հումանիտար ծրագրերին մասնակցությամբ»։

Արցախի ժողովրդին բաժին է հասել մեծ փորձություն, ասել է Այվազյանը՝ շարունակելով՝ վտանգվել են նրա ֆիզիկական գոյությունը, տնտեսական կյանքը, ինքնության մաս կազմող մշակութային և կրոնական կոթողները, մարդու հիմնարար իրավունքները:

«Հայաստանի ժողովուրդը նույնպես անմասն չի մնացել այս զրկանքներից և շարունակում է աջակցել Արցախի ժողովրդին, այդ թվում՝ տասնյակ հազարավոր տեղահանվածներին», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Այվազյանն օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կրոնական և մշակութային ժառանգության բազմաթիվ նշանակալից կոթողներ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո:

«Ադրբեջանի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական հուշարձանների բնաջնջումը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել Արցախի հուշարձանների ճակատագիրը և այս տեսակետից միջազգային վերահսկողությունն անհրաժեշտ է», - ասել է նախարարը։

Այվազյանն ընդգծել է նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի մասով: «ԼՂ հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ռազմական ուժի կիրառումը, ինչը մեկ անգամ ևս փաստվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով: Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող զրկել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից, այլև հիմնավորում է ինքնորոշման իրավունքի իրականացման անհրաժեշտությունը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է եռակողմ հայտարարության մեջ առկա հումանիտար դրույթների իրականացման հրատապությունը, նախևառաջ՝ գերիների և պատանդների փոխանակման, դիերի տարհանման, Արցախ տեղահանվածների վերադարձի մասով՝ անընդունելի համարելով այս հարցում արհեստական խոչընդոտեներ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի քայլերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում ամփոփ ներկայացրել է իր նախորդ փակ զեկույցները, մասնավորապես, անդրադարձել ռազմագերիների և խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների բազմաթիվ հիմնավոր փաստերին:

Թաթոյանը նշել է, որ կարևորագույն արդիական հարցերից է ոչ միայն այս պատերազմի ընթացքում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, այլ նաև պատերազմից առաջ և պատերազմից հետո գերեվարվածների վերադարձի խնդրի ապահովումը:

Պաշտպանն առանձնահատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն արհեստականորեն ձգձգում են գերիների վերադարձի գործընթացն ու անընդունելի համարել: